Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արմեն Ռուստամյանը մեկնաբանում է ներքաղաքական իրավիճակը. Yerkir.am

Քաղաքականություն
5e381c96ae72572d60f7ad7f93dc9dcd

ՀՀԿ Խորհրդի նիստում Սերժ Սարգսյանի ելույթի եւ հետագա զարգացումների վերաբերյալ ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի մեկնաբանությունը Yerkir.am-ում՝ ստորեւ. «Վերջին շրջանում ներքաղաքական լարվածությունն ակնհայտ աճում էր: Քաղաքական բնականոն բանավեճը սպառնում էր անցել անհանդուրժողականության, անձնական վիրավորանքների, հնարավոր առճակատումների խիստ վտանգավոր, երկրի ու ժողովրդի անվտանգությունը սասանող սահմանը: Հայաստանի Հանրապետական և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների վերջին հայտարարությունները հաստատեցին մեր մտահոգությունները: Քաղաքական դաշտի կայացումը, քաղաքական գործընթացներում բացառապես քաղաքական ուժերի և քաղաքական մեխանիզմների դրսևորումը մշտապես կարևորվել է մեր կողմից: Բիզնեսի և քաղաքականության տարանջատումը, գործողություններում ու ծրագրերում երկրի, պետության շահի գերակայությունը սկզբունքներ են, որոնք, մեր համոզմամբ, պետք է պարտադիր լինեն մեր երկրի հասարակական-քաղաքական կյանքում: Համոզված ենք, որ սահմանադրական բարեփոխումներն են այն միջոցը, որը բոլորին կպարտադրի առաջնորդվել այս սկզբունքներով, Ազգային ժողովը կդառնա լիարժեք քաղաքական մարմին, երկրում կձևավորվի նոր որակի իշխանություն, համապատասխան բարոյահոգեբանական մթնոլորտ և քաղաքական գործունեության նպաստավոր դաշտ: Համոզված ենք, որ հենց սահմանադրական փոփոխություններն են ապահովելու մեր ազգային-պետական խնդիրների լուծումը, նպատակների իրագործումը, ազգային համերաշխության ու միասնականության ձևավորումը: Ներքին ու արտաքին բարդ և վտանգավոր մարտահրավերների, սոցիալ-տնտեսական ծանր, սահմանային ամենօրյա լարվածության պայմաններում յուրաքանչյուրիս պատասխանատվությունը անհրաժեշտություն է առկա հիմնախնդիրները սթափ, փոխադարձ հանդուրժողականության, զուտ քաղաքական մեթոդներով և բացառապես քաղաքական հարթության մեջ լուծելու համար: Այսօր, երբ մեր սահմաններին չեն դադարում հակառակորդի հարձակումները, երբ մենք ազգովի պատրաստվում ենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, բոլորիցս պահանջվում է հանդես գալ ազգային միասնականության ապահովման դիրքերից: Մենք համոզված ենք, որ առկա հակամարտությունն ու առճակատումը չի բխում մեր պետականության ու հասարակության շահերից: Մենք խոհեմության, սթափության և միասնականության կոչ ենք անում»: