Արցախից արձագանք՝ Ժիրայր Սեֆիլյանի մեկնաբանություններին. Առավոտ
Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով «Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարության համակարգող Ժիրայր Սեֆիլյանի այսօրվա ասուլիսին հնչեցրած հայտարարությանն` ասաց, որ Սեֆիլյանը միգուցե սխալ է հասկացել, միգուցե միտումնավոր է բաներ է անում: Խոսքը մասնավորապես վերաբերում է այն հայտարարությանը, ըստ որի, Սեֆիլյանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպման մանրամասներ ներկայացնելիս, ասել է. «Բակո Սահակյանն այդ օրը ասել է, որ իրենք երկար տարիներ երազում էին, որ մտնեն ԵՏՄ: Մեր համար շատ ցավալի էր լսել այսպիսի մի միտք մի մարդուց, ով կառավարում է արցախյան ճակատը: Գալիս է մի չինովնիկ, ով ասում է, որ երազում են ԵՏՄ մտնել»: Այս առնչությամբ, Դավիթ Բաբայանը մեզ հետ զրույցում ասաց. «Որեւէ ձեւով, որեւէ հարց չի քննարկվել ԵՏՄ-ի (Եվրասիական տնտեսական միություն) մասին, մենք բազմիցս ասել ենք մեր կարծիքը Հայաստանի` ԵՏՄ անդամակցության մասին: Մենք ասել ենք, որ սա որեւէ կերպ չի հասնելու Լեռնային Ղարաբաղի հանրապետությանը, մաքսակետ եւ այլն: Արցախի` ԵՏՄ-ին անդամակցության կապակցությամբ հայտ մենք չենք ներկայացրել, նման առաջարկ էլ չենք ստացել. տարբեր հանգամանքներ հաշվի առնելով, մեկը` չճանաչված լինելը: Միգուցե խոսվել է, թե ինչպիսի լրացուցիչ հնարավորություններ կարող է ընձեռվել Արցախի տնտեսությանը Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցելով, որի մասին, առանց այդ էլ, խոսել ենք: Այսինքն` ակնկալում ենք լրացուցիչ հնարավորություն արտահանման հետ կապված`մեծ աշխարհագրական տարածքում: Այս է եղել, ուրիշ ի՞նչ երազանք, ի՞նչ բան, բնական է, որ այդ բոլորը շահարկումներ են»: Aravot.am-ի ճշտող հարցին` կարծում եք` Սեֆիլյանը սխա՞լ է հասկացել Բակո Սահակյանին, կամ` միտումնավո՞ր է սխալ ներկայացնում, պարոն Բաբայանն ասաց. «Սխալ է հասկացել, թե` միտումնավոր, իրենից հարցրեք, ես ասում եմ այն, ինչ կա: Միգուցե` սխալ է հասկացել, միգուցե, շատ ավելի հավանական է միտումնավոր բաներ է ասում, բայց երազանք, բան, նման բան չկա, նույնիսկ մեր բառապաշարում չկա նման խոսք»: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով