ՄԱՐԶԱԿԱՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Աջակցիր «Ա1+»-ինԷԴԳԱՐԻ ՆՈՐԱՄՈՒՏԸ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱՅՈՒՄ
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի 18-ամյա հարձակվող Էդգար Մանուչարյանը Ամստերդամի «Այաքս»-ի կազմում իր նորամուտը նշեց Չեմպիոնների լիգայի խաղարկությունում:
«Այաքս» - «Արսենալ» հանդիպման 69-րդ րոպեին Մանուչարյանը փոխարինեց Բուխարիին: Դրանից 2 րոպե անց «Այաքս»-ին հաջողվեց գրավել «Արսենալ»-ի դարպասը եւ կրճատել հաշվի տարբերությունը: Հանդիպումից հետո մասնագետները եւ ԶԼՄ-ները բարձր են գնահատել հայազգի ֆուտբոլիստի խաղը այս մրցավեճում: Ըստ հոլանդական մամուլի` Էդգարը այսօր համարվում է «Այաքս»-ի ամենախոստումնալից երիտասարդ ֆուտբոլիստներից մեկը եւ այդպես շարունակելու դեպքում առաջիկայում կկարողանա մեծ անուն հանել:
Չնայած «Այաքս»-ը 1:2 հաշվով պարտվեց «Արսենալ»-ին, սակայն դեռ լավ հնարավորություն ունի 1/8-րդ եզրափակիչ դուրս գալու համար:
Ի դեպ, Չեմպիոնների լիգայի խաղարկություններին հայ ֆուտբոլիստներից բացի Էդգարից մասնակցել է միայն Երվանդ Սուքիասյանը, որը 92 թ-ին Կիեւի «Դինամո»-ի կազմում մեկ խաղակես էր անցկացրել այս հեղինակավոր մրցաշարում:
ԼԱՎԱԳՈՒՅՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՈԴԵԼՆ Է
ՖԻՖԱ բարձրաստիճան ներկայացուցիչների Հայաստան կատարած տեսչական այցի, Հայաստանում ՀՖՖ-ի կողմից իրականացվող մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման մոդելի եւ ֆուտբոլի մանկապատանեկան դպրոցներում ՀՖՖ-ի իրականացրած ներդրումային քաղաքականության հանգամանալից ուսումնասիրության արդյունքում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման Հայաստանի մոդելը ճանաչվել է ամենաարդյունավետը, եւ ՀՖՖ-ի պատվիրակությունն այսօր Հայաստանում իրականացված աշխատանքների մասին զեկուցումով հանդես է գալու ՖԻՖԱ-ի անդամ 15 երկրների ներկայացուցիչների առջեւ:
Որպես սկզբունքային մոտեցում հաշվի է առնվել ՀՖՖ-ի մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման նպատակային, երկարաժամկետ ծրագրի գոյությունը եւ դրա հաջող իրագործումը, միջոցների նպատակային օգտագործումը, մանկապատանեկան ֆուտբոլում տաղանդավոր երեխաների հայտնաբերումը եւ նրանց աստիճանական անցումը դեպի մեծ ֆուտբոլ:
«Կլոր սեղանը» կազմակերպել է ՖԻՖԱ-ի ֆուտբոլի զարգացման դեպարտամենտը` նկատի ունենալով մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման առանձնահատկությունների կարեւորությունը եւ զարգացման հաջողված երկարաժամկետ ծրագրերի նկատմամբ համընդհանուր հետաքրքրությունը:
ՀԱՅ ԱՂՋԻԿՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՖԻԱՍԿՈՆ
Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների կանանց հավաքականն իր ելույթներն է սկսել Եվրոպայի առաջնության ընտրական 1-ին փուլի խմբային մրցաշարում, որը տեղի է ունենում Իսրայելում: Հայ աղջիկներն առաջին խաղում մրցել են Իտալիայի իրենց հասակակիցների հետ եւ պարտվել ոչ ֆուտբոլային` 0:15 հաշվով:
Այս խմբում են ընդգրկված նաեւ Ավստրիայի եւ Իսրայելի մինչեւ 19 տարեկանների հավաքականները: 19 տարեկանների Հայաստանի կանանց հավաքականը 2-րդ անգամ է մասնակցում նման մրցաշարի: Նախորդում մերոնք նույնպես խոշոր հաշվով զիջել էին իրենց մրցակիցներին: Ինչպես երեւում է մեկ տարվա ընթացքում կանանց ֆուտբոլը Հայաստանում առաջընթաց ընդհանրապես չի ապրել եւ շարունակում է գտնվել ցածր մակարդակի վրա:
Իսկ ֆուտզալի կանանց Հայաստանի հավաքականը Իրանի Իսլամական Հանրապետությունում մասնակցում է Իսլամի Կանանց Համաշխարհային Օլիմպիադային: Հայաստանի հավաքականն առաջին հանդիպումն անցկացրել է Թուրքմենիայի կանանց հավաքականի հետ եւ առավելության է հասել 27:0 հաշվով:
Երկրորդ հանդիպումը Հայաստանի հավաքականն անցկացրել է Անգլիայի մուսուլման կանանց հավաքականի հետ եւ հաղթել 38:3 հաշվով:
Երրորդ հանդիպումը տեղի է ունեցել Իրաքի հավաքականի հետ, որը կրկին ավարտվել է Հայաստանի հաղթանակով` 14:0: Հայաստանի հավաքականը դուրս է եկել եզրափակիչ փուլ: