Քաղաքապետին ու ֆինանսիստին առաջադրված մեղադրանքը կփոխվի
Սիսիանի քաղաքապետի եւ քաղաքապետարանի մի շարք աշխատակիցների նկատմամբ հարուցված քրեական գործի վերջը դեռ չի երեւում: Փետրվարի 3-ի դատական նիստում պետք է լսեին ամբաստանյալներին: Մինչդեռ դատական նիստի մեկնարկից վայրկյաններ անց դատախազ Ֆրունզ Հովհաննիսյանը հանդես եկավ միջնորդությամբ: Առաջադրված մեղադրանքը փոփոխելու եւ նոր մեղադրանք առաջադրելու համար դատական քննությունը հետաձգելու մասին դատախազության միջնորդություն մեջ նշված է . «Դատաքննության ընթացքում մի շարք ապացույցների հետազոտման արդյունքում ի հայտ են եկել այնպիսի հանգամանքներ, որոնք հայտնի չէին եւ չէին կարող հայտնի լինել մինչդատական վարույթում եւ որոնց շուրջ քննություն կատարելու դեպքում հնարավոր է փոփոխվեն Աղասի Հակոբջանյանին եւ Կարեն Դանիելյանին առաջադրված մեղադրանքները, իսկ գործի փաստական հանգամանքները հնարավորություն չեն տալիս մեղադրանքը փոփոխելու եւ նոր մեղադրանք առաջադրելու՝ առանց դատական քննությունը հետաձգելու՝ անհրաժեշտ քննչական եւ այլ դատավարական գործողություններ կատարելու եւ նոր մեղադրանքներ առաջադրելու համար, ուստի ղեկավարվելով ՀՀ դատավարության օրենսգրքի 3091 հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով. միջնորդում եմ՝ 1. Աղասի Մամիկոնի Հակոբջանյանի եւ Կարեն Դավթի Դանիելյանի ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը փոփոխելու եւ նոր մեղադրանք առաջադրելու համար անհրաժեշտ է քննչական եւ դատավարական գործողություններ կատարելու նպատակով դատական քննությունը հետաձգել 20 օր ժամկետով: 2. Թույլատրել քրեական գործից կատարել անհրաժեշտ փաստաթղթերի պատճենահանում»: Գործը քննող դատավոր Նապոլեոն Օհանյանը 20 րոպե ժամանակ տվեց, որ փաստաբանները ուսումնասիրեն միջնորդությունը: Թե´ Աղասի Հակոբջանյանի պաշտպան Համլետ Դավթյանը եւ թե´ Կարեն Դանիելյանի պաշտպան Արման Սարգսյանը դատախազի միջնորդությունը համարեցին անհիմն եւ ներկայացված առանց ապացույցների: Այնուամենայնիվ, դատավորը միջնորդությունը ընդունեց, եւ հերթական նիստը նշանակվեց փետրվարի 24-ին: Հիշեցնենք, որ Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը եւ ֆինանսատնտեսական բաժնի նախկին պետ Կարեն Դանիելյանը մեղադրվում են պաշտոնեական անփութության համար: