Հաստատվեց Հաշվիչ հանձնաժողովի նոր կազմը
103 կողմ, 4 դեմ և 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ԱԺ-ն այսօր հաստատեց նաեւ Ժամանակավոր Հաշվիչ հանձնաժողովի կազմը: Նախորդ նիստի ժամանակ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի առաջարկը չընդունվեց: Այսօր խմբակցությունների հետ որոշակի համաձայնությունից հետո նա ներկայացրեց փոփոխված տարբերակը, ըստ որի` հանձնաժողովը կունենա 12 անդամ` ՀՀԿ-ից 6 ներկայացուցիչ, ԲՀԿ-ից` 2, մյուս խմբակցությունները կունենան մեկական ներկայացուցիչներ: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ներկայացված տարբերակը որոշակի հավասարակշռություն ապահովում է. «Եթե, իհարկե, քաղաքական մի ուժ այս ընթացքում չորոշի մտնել քաղաքական կոալիցիա: Մենք կողմ ենք քվեարկում»: ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը նկատեց, որ այս կոմպրոմիսը հարց չի լուծում. «ՀՀԿ-ն էլի կարող է միաձայն որոշում կայացնել: Թող նիստերը դռնբաց լինեն, որպեսզի լրագրողներն էլ ներկա լինեն, ընդհուպ մինչեւ հաշվարկը: Դա կնպաստի, որ հանձնաժողովի աշխատանքների թափանցիկությանը»: Գալուստ Սահակյանը նրա առաջարկը չընդունեց` ասելով, որ նիստերը փակ են լինելու: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ իրենք նույնպես ողջունում են նոր փոփոխությունները եւ որ համաձայնության դաշտում գտնվեց լուծում: