«Կարո՞ղ է Սերժ Սարգսյանն է արգելել Իշխան Զաքարյանին գալ ԱԺ» (տեսանյութ)
ԱԺ-ն այսօր Վերահսկիչ պալատի խորհրդի անդամ Սեյրան Ավագյանը սկսեց ներկայացնել 2013թ. հաշվետվությունը: ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ընդվզեց` ասելով, որ ԱԺ կանոնակարգով հստակ գրված է` ՎՊ հաշվետվության հիմնական զեկուցման ժամանակ հանդես է գալիս նախագահը. «Բացակայության դեպքում նրան կարող է փոխարինել տեղակալը: Սակայն սա դառնում է արատավոր պրակտիկա: Հեսա կսկսեն վարչության պետերին ուղարկել ԱԺ: Հանկարծ սխալ չհասկացվի` ես չեմ ուզում նսեմացնել որեւէ վարչության կամ բաժնի պետերի պարտականությունները: ԱԺ-ն է ընտրել ՎՊ նախագահին ու դեռ մեկ տարի է` նա ուշացել է զեկույցի ներկայացնելը»: Նա նաեւ նկատեց, որ Իշխան Զաքարյանը երկար ժամանակ է «էս կողմերում»` ԱԺ-ում, չի երեւում. «Երեւի գիտի, որ ինքը լուրջ խնդիրներ է ունենալու է, անգամ Քրօր-ի հետ կապված խնդիրներ կան նրա ներկայացրած տվյալներում: Մենք պետք է հիմա դադարեցնենք հարցի քննարկումը, քանի դեռ նա չի եկել ու հաշվետվությունը ինքը չի ներկայացրել: Ես պահանջում եմ հրավիրել նրան, դա է պահանջում օրենքը, դա իմ քմահաճույքը չէ»: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ ընդհանուր առմամբ համամիտ է նրա հետ. «Սակայն 1990-ական թթ. այս մշակույթը եղել է, ու ես էլ ջանքեր եմ գործադրում, որ պատասխանատուները հանդես գան: Այս դեպքում որեւէ մեկը, ինձնից սկսած, կարող է հարգելի պատճառով բացակայել: Իշխան Զաքարյանը մասնակցել է բոլոր հանձնաժողովների նիստերին ու բոլոր հարցերը լուրջ քննարկում է անցել: Այս դեպքում մի փոքր մեղմ վերաբերվենք ու այս կերպ կոշտ չդիմակայենք»: Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ այս պարագայում խնդիրը կոշտության ու մեղմության մեջ չէ, այլ սկզբունքի հարց է. «Մենք 10 ամիս ունեինք այս հարցի քննարկման համար: Եթե հարգելի է նրա բացակայությունը, հետաձգենք, թեկուզ հաջորդ շաբաթ գա ու ինքը ներկայացնի հաշվետվությունը: Պարոն Ավագյան, սա անձնական խնդիր չդիտարկեք, սա սկզբունքի հարց է: Եթե չհետաձգենք հարցի քննարկումը, ես կհեռանամ դահլիճից ու չեմ մասնակցի քննարկմանը»: «Ես հարց չտեսա իմ կամ հաշվետվության հասցեին ուղղված, դրա համար չեմ միջամտում»,- որոշեց արձագանքել ՎՊ նախագահի տեղակալը: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն իր հերթին հայտարարեց, որ 3 տարի է գործ ունեն Իշխան Զաքարյանի հետ, եւ նա բավականին ռեգուլյար գալիս էր ԱԺ, անգամ լավ ավանդույթ էր ձեւավորել` հանդիպում էր խմբակցությունների հետ, եւ այդ համագործակցությունը շատ կարեւոր է. «Սակայն երեւի 2012-13թթ. քննարկումները ցնցում առաջացրին, քանի որ ահռելի քանակությամբ խախտումներ ի հայտ եկան ու պետական բյուջեի մսխումների մասին տվյալներ: Դրանից հետո Իշխան Զաքարյանը էլ չեկավ ԱԺ: Նախորդ անգամ ասացին, որ նա արձակուրդում է: Ինչո՞ւ է նա գնում արձակուրդ, երբ պետք է իր կարեւոր գործն անի` ԱԺ-ին ներկայացնի հաշվետվությունը: Մենք հիմքեր ունենք կասկածելու, որ նրան արգելված է ԱԺ գալ»: Ըստ նրա` սա Սահմանադրության եւ օրենքների կոպիտ խախտում է. «Մեզ հետաքրքրում է` ի՞նչ է կատարվում Իշխան Զաքարյանի հետ, կարո՞ղ է Սերժ Սարգսյանն է արգելել նրան գալ այստեղ: Դադարեցնենք այս ապօրինի քննարկումը: Դուք խախտում եք օրենքը, եթե հիմա ներկայացնում եք հաշվետվությունը: Պարոն Ավագյան, խնդրում ենք հեռանալ դահլիճից: Ո՞ւր է Իշխան Զաքարյանը, ի՞նչ է անում, ինչո՞ւ պատրաստ չէ կատարելու օրենքով իր վրա դրված պարտականությունը: Մենք նրանից բացատրություն ենք պահանջում: Ես վեց հարց ունեի, բայց չեմ տա»: Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ համամիտ չէ, որ կարծիքները ճշմարտության տեղ բանեցնեն. «Ինչպես յուրաքանչյուր չինովնիկ, Իշխան Զաքարյանը կարող է իր արձակուրդն ունենալ»: ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն առաջարկեց հարցը քննարկել իրավական տիրույթում միայն: Սեյրան Ավագյանը վստահեցրեց, որ Իշխան Զաքարյանն այս պահին բացակայում է հանրապետությունից ու իր վրա է դրված պարտավորությունը` ներկայացնելու հաշվետվությունը: «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը հայտարարեց, որ ՎՊ նախագահի տեղակալին հարց չի տա, որ օրենք չխախտի. «Այսօր իսկապես եկեք դադարեցնենք քննարկումը: Պարոն Սահակյան, ձեր անունը կմտնի պատմության մեջ որպես մշակույթ փոխող: Թող լինի մեկ ամիս հետո հաշվետվության ներկայացումը, միայն թե օրենք չխախտենք: Այսպիսով՝ կբարձրանա նաեւ հարգանքը ԱԺ նկատմամբ»: Ի պատասխան Գալուստ Սահակյանը նկատեց. «Այն թվերին` 1990-ականներին, որեւէ մի պատգամավոր չէր կարող նման խոսք ասել: Ես ողջունում եմ ձեր խոսքը, պարոն Պողոսյան, իսկ ես չեմ ուզում, որ ես պատմության մեջ մնամ, այլ ԱԺ-ն»: Անկախ պատգամավորների ընդվզումից, ԱԺ-ն շարունակեց քննարկել ՎՊ 2013թ. տարեկան հաշվետվությունը: