Հայկական պատվիրակությունն իրավիճակային քվեարկություն է արել (տեսանյութ)
ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամներն այսօր ներկայացնելով ձմեռային նստաշրջանում իրենց կատարած աշխատանքները՝ վստահեցրին, որ շատ ակտիվ ու բեղմնավոր գործունեություն են ծավալել: Հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, անդրադառնալով ԵԽԽՎ-ում ՌԴ լիազորությունների դադարեցման վերաբերյալ մեր պատվիրակության ձեռնպահ քվեարկելուն, հայտարարեց, որ իրենց դիրքորոշումը ուղղորդված չի եղել. «Դա քվեարկություն էր, որ բխում էր պահի իրավիճակից: Հարցն այսպես էր դրվել՝ ո՞վքեր են կողմ, որ ՌԴ լիազորությունները դադարեցվեն, մենք բնականաբար կողմ չենք եղել ու չենք քվեարկել: Մենք, օրինակ դեմ ենք արտահայտվել այն գլխավոր լրացումներին, որտեղ ՌԴ համար շատ զգայուն հարցեր էին շոշափվում»: Տիկին Նաղդալյանն ավելի կոնկրետ պարզաբանեց. «Խնդիրը նրանում է, որ տեղում, երբ իրավիճակը նայում ես, թե ինչպես են լինում քվեարկությունները զեկույցում լրացումների վերաբերյալ, երեւում է, որ մեր փոքրաթիվ պատվիրակության քվեարկությունը իրավիճակը չէր փոխելու: Եղել է իրավիճակային քվեարկություն»: ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակության լիազորությունները դադարեցվել են մինչեւ ապրիլ՝ մինչեւ հաջորդ նստաշրջան, մինչդեռ ՌԴ-ն քննարկում է լիազորությունների լիարժեք դադարեցման հարցը: Լրագրողի այն հարցին, թե արդյոք նման կերպ քվեարկելիս նախապես խորհրդակցե՞լ են Բաղրամյան 26-ի հետ, Հերմինե Նաղդալյանը հայտարարեց. «Որեւէ մեկի հետ հնարավոր չէր խորհրդակցել, զանգել ու պայմանավորվել: Անգամ մենք՝ պատվիրակության անդամներս, իրար հետ չէինք կարող պայմանավորվել, քանի որ նստած էինք դահլիճի տարբեր հատվածներում: Սա ուղղակի տրամաբանական որոշում էր»: Ի դեպ, պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանը չի մասնակցել քվեարկությանը, քանի որ վատառողջության պատճառով բացակայում էր: