«Ես կորոշեմ, դուք կտխրեք». Գ. Սահակյան (տեսանյութ)
61 կողմ, 0 դեմ, 2 ձեռնապահ ձայների հարաբերակցությամբ այսօր ԱԺ-ն չընդունեց ԱԺ նախագահի առաջարկը՝ ժամանակավոր Հաշվիչ հանձնաժողովի կազմը թողնել անփոփոխ, այն է՝ կգերակշռեն ՀՀԿ պատգամավորները: Մինչ այդ բոլոր ոչ իշխանական ուժերը հայտարարեցին, որ իրենք ներկայացուցիչներ չեն ունենալու այդ հանձնաժողվում, քանի որ այն ձեւական բնույթ է ստանում: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ իրենք իրենց մասնակցությամբ չեն ցանկանում լեգիտիմացնել ապօրինությունը կեղծարար այդ մարմնում: ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը եւս հայտարարեց՝ եթե ՀՀԿ-ն կրկին մեծամասնություն է կազմելու, իրենք եւս չեն մասնակցելու հաշվիչ հանձնաժողովի աշխատանքներին: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի խոսքերով՝ եթե ամեն ինչ ձեւական է դառնում, ու դա միայն տեխնիկական հարց եք ընկալում, ապա բոլոր ուժերն էլ պետք է հավասար ներկայություն ունենան. «Հակառակ դեպքում կասկածելի են դառնում հանձնաժողովի բոլոր որոշումները: Մենք նույնպես ներկայացուցիչ չենք ունենա, եթե այս հարցը չլուծվի»: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն առաջարկ արեց Գալուստ Սահակյանին. «Եթե դա հրատապ հարց չէ, ապա կարող ենք այն վաղը դնել քվեարկության ու գանք ընդհանուր հայտարարի»: Ի պատասխան Գալուստ Սահակյանը հայտարարեց. «Բնական է, որ վաղվա չենք թողնի ու դա Կանոնակարգի պահանջ է»: Երբ արդեն որոշումը չընդունվեց, Գալուստ Սահակյանը հայտարարեց. «Լավ, վաղը ես միայնակ կորոշեմ. ես կորոշեմ, դուք կտխրեք»: