Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Տրանսպորտի նախարարությունը հո ճանապարհ չի գցելու դեպի լուսին»

Քաղաքականություն
a6dbcd1d3e27253ce1a074e64fd4d3e8

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն այսօր, երբ քննարկվում էր լուսնի եւ տիեզերագնացության մասին համաձայնագրերը, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը, որը 1990-ականներին եղել է դրանց ստորագրողը, հայտարարեց, որ բազմաթիվ դիվանագետներ են զանգահարել իրեն ու իրենց վրդովմունքը հայտնել առկա հեգնանքի վերաբերյալ: Նա հիշեցրեց, որ ՀՀ-ն, օրինակ, վավերացրել է ծովային կոնվենցիան՝ առանց ծով ունենալու, ունենք նաեւ օզոնի շերտի մասին համաձայնագիր, սակայն երբեք նման հեգնանքով արձագանք չի եղել: Իսկ ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանին դուր չէր եկել ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի խոսքերը, որոնք բացի լրատվամիջոցներից, ուղղված էին նաեւ իրեն. «Հեգնելու բառեր կարող ենք գտնել ամենուր, դա իմ իրավունքն է: Այսօր մենք ունենք սոցիալական ծանր վիճակում գտնող բնակչություն, որին լուսնի մասին համաձայնագրերն ընդհանրապես չեն հետաքրքրում: Պարոն Ֆարմանյան, սա այն տեղը չէ, որ պետք է դասախոսություններ ու գրագիտություններ անել: Ես չհասկացա, թե ինչու այդքան նեղվեցիք իմ ասածներից: Ես, իհարկե, ուրախ եմ, որ ՀՀ-ն ունի հնարավորություն դուրս գալու ուղեծիր: Սակայն ինչի՞ համար հենց այսօր սկսեցին քննարկել այս համաձայնագրերը: Եւս մեկ անգամ խորհուրդ եմ տալիս՝ չքաղաքականացնել հարցը, ինքս էլ ցանկություն չունեմ որեւէ մեկին վիրավորելու»: Արձագանքելով նրան՝ հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հայտարարեց. «Այստեղ որեւէ կապ չունի սոցիալական իրավիճակը, պարոն Բաբայան: Այստեղ չարժե բորբոքել ժողովրդի այն հատվածի էմոցիաները, որոնք քաղաքացիական շատ մեծ ակտիվություն չունեն»: Ի պաշտպանություն լրատվամիջոցների՝ հանդես եկավ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը. պետք չէ մեղադրել լրատվամիջոցներին, քանի որ նրանք խնդիրներ են բարձրացնում ու փորձում գտնել դրանց պատասխանները: Ալեքսանդր Արզումանյանը հայտարարեց, որ այստեղ պետք է լիներ ԱԳՆ-ն, այլ ոչ թե Տրանսպորտի եւ կապի նախարարությունը. «Տրանսպորտի նախարարությունը հո ճանապարհ չի գցելու ու ասֆալտապատի դեպի լուսին»: Վերջում ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը վստահեցրեց, որ ինքը Վահան Բաբայանին հեգնելու որեւէ խնդիր չուներ ու իր խոսքը նրան ընդհանրապես ուղղված չէր: Վահան Բաբայանն իր հերթին հայտարարեց, որ ինքը շարունակում է մնալ իր տեսակետին ու եթե հեգնելու առիթ տեսնի, նորից կհեգնի: Այս խոսքերից հետո նա լքեց հանձնաժողովի սենյակը: Փոխնախարար Արթուր Առաքելյանն իր կողմից հայտարարեց, որ կփորձի հաջորդ անգամ ավելի լուրջ պատրաստվել, որպեսզի պատասխանի, թե ինչու ՌԴ-ն կամ ԱՄՆ-ն չեն միացել այդ համաձայնագրերին: Հանձնաժողովի անդամները նրան վստահեցրին, որ նա միշտ էլ պատրաստված է գալիս, նրա հետ կապված երբեւէ որեւէ խնդիր չեն ունեցել:  Այնուհետեւ հանձնաժողովը միաձայն կողմ քվեարկեց ու դրական եզրակացությամբ համաձայնագրերն ընդգրկեց ԱԺ քառօրյա: