50 միլիոն դոլարի վարկ կստանանք Գերմանական KFW բանկից
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն կտա նոր վարկային ծրագրի: Ըստ այդմ՝ Գերմանական KFW բանկից կստանանք 50 միլիոն դոլարի վարկ, որով նախատեսվում է նորոգել Ախուրյան գետի վրա կառուցված Կապսի ջրամբարը, բարելավել գետային համակարգի վերին հոսանքներում ջրի կառավարումը: Վարկի տոկոսադրույքը դեռ հայտնի չէ եւ որոշվելու է համաձայնագրի ստորագրումից երկու ժամ առաջ: Բացի այդ, կառավարությունը Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի ներկայացմամբ՝ հավանություն կտա «Հայաստանի Հանրապետության և KFW բանկի միջև «Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր ІІ փուլ 3-րդ» ծրագրի շրջանակներում ուղեկցող միջոցառումների համար 1 մլն եվրո արժողությամբ լրացուցիչ ֆինանսավորման դրամաշնորհային համաձայնագրի» նախագծին` համաձայն հավելվածի: KfW-ի և Վարկառուի միջև սույն Վարկային համաձայնագրի հիմքը Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև դեռ կնքվելիք Ֆինանսական համագործակցության (ՖՀ) մասին համաձայնագիրն է («Միջկառավարական համաձայնագիր»): KfW-ն կվերաֆինանսավորի սույն Համաձայնագրի պայմաններով տոկոսային սուբսիդիաներով Վարկը, որը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը տրամադրում է ցածր տոկոսային բյուջետային միջոցներից զարգացման քաղաքականության իրավասության չափանիշներին համապատասխանող ծրագրերին: Վարկի պայմանները և դրույթները համապատասխանում են Համաձայնագրի ստորագրման ամսաթվի դրությամբ կիրառելի ՏՀԶԿ պահանջներին, և այն ճանաչվում է որպես Զարգացման պաշտոնական աջակցության (ԶՊԱ):