Ծնողները ԼՂՀ-ում տեսակցել են զինծառայող որդիներին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ արդեն երկրորդ տարին անընդմեջ երևանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողները հնարավորություն են ստանում այցելելու և տեսակցելու իրենց զավակներին: Դեկտեմբերի 5-ի լույս 6-ի՝ այս տարվա հերթական այցի շրջանակում Տավուշի, Սյունիքի մարզերի սահմանամերձ և ԼՂՀ ՊԲ զորամասեր կուղևորվեն ժամկետային զինծառայողների շուրջ 950 ծնողներ: Մինչ ավտոբուսների մեկնումը, ծնողներին բարի ճանապարհ են մաղթել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Քաղաքապետն ու նախարարն անձամբ շրջել ու զրուցել են ծնողների հետ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը միշտ պատրաստ է օգնել ու աջակցել երևանաբնակ զինծառայողներին՝ հայրենիքին պատվով ծառայելու հարցում: Կարևորելով սոցիալական նշանակություն ունեցող այս նախաձեռնությունը՝ ժամկետային զինծառայողների ծնողներն էլ իրենց հերթին շնորհակալություն են հայտնել Տարոն Մարգարյանին և Սեյրան Օհանյանին ցուցաբերվող վերաբերմունքի ու հատուկ ուշադրության համար: Հարկ է նկատել, որ, տարեկան, առնվազն, երկու անգամ սահմանամերձ զորմասերում ծառայող երևանաբնակ զինվորների հետ իրենց ծնողների հանդիպումները կազմակերպելուն զուգահեռ, Երևանի քաղաքապետարանի ու ՀՀ պաշտպանության նախարարության և ԼՂՀ պաշտպանության բանակի միջև ձեռք բերված համաձայնությամբ մայրաքաղաքից զորակոչված ժամկետային զինծառայողները հնարավորություն են ստանում նաև Երևանում հանդիպելու իրենց ծնողներին ու հարազատներին: Պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ այցը կազմակերպելու նպատակով ձեռնարկված անհրաժեշտ բոլոր միջոցառումներն իրականացված են: Նշվել է նաև, որ այս անգամ ևս ճանապարհի երկայնքով ծնողների այցի համար տրամադրված հարմարավետ ավտոբուսները կուղեկցեն ճանապարհային ոստիկանության մեքենաները, իսկ ավտոբուսներում ուղեկցողների թվում էլ կլինեն բժիշկներ: Երեւանի քաղաքապետարան