Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նուրբ ձեւով, գաղտագողի փոփոխություններ արեցին օրենքում եւ ընդունեցին» (տեսանյութ)

Հասարակություն
750be0ecc464430623bf3cd144a64c87

Դեկտեմբերի 1-ին ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքի նախագիծը։ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը կարծում է, թե այն տեսքով, որով ընդունվել է օրենքը, բարենպաստ է, և որևէ կնոջ իրավունք դրանով չի խախտվում։ Իսկ «Ժամանակավորապես անաշխատունակ ճանաչված անձանց իրավունքների պաշտպանություն» քաղաքացիական նախաձեռնության անդամ, հաշվապահ Շողեր Բաբայանը շեշտում է, որ այն չարաշահումները, որոնց մասին բարձրաձայնվում է Կառավարության կողմից, առկա են միայն պետական սեկտորում, այլ ոչ թե մասնավոր։ «Այս նոր նախագծի վերաբերյալ հանրային որևէ քննարկում չի եղել, նոր նախագիծը շատ արագ տեղի ունեցավ, և շատ արագ որոշվեց, նույնիսկ մեկ շաբաթից ավել հանրության համար փակ էր, և մենք չէինք կարողանում հասկանալ, թե օրենքի որ դրույթներն են փոփոխության ենթարկվել, և ինչ նորամուծություններ են կատարվել օրենքում»,-նշեց Շողեր Բաբայանը։ Վերջինիս խոսքերով՝ օրենքում առկա են շատ խնդրահարույց կետեր։ «Նախկինում գործատուն վճարում էր անաշխատունակության և հիվանդության նպաստի 3 օրը, մնացածը վճարում էր բյուջեն, այստեղ շատ գեղեցիկ ու նուրբ ձևով, առանց բարձրաձայնելու դա սարքեցին 5 օր։ Այդ 5 օրը մի օր էլ կդառնա 10, 15 և այդպես շարունակ»,- ասաց նա։ Կարինե Աճեմյանն էլ պարբերաբար ընդհատում էր մյուս բանախոսին՝ ասելով, թե Շողեր Բաբայանը սխալ տեղեկատվություն է ներկայացնում հանրությանը։ «Տիկին Աճեմյան, թույլ տվեք խոսեմ, ասելիքս վերջացնեմ։ Ժողովրդական խոսք կա, թե ով ավելի շատ է խոսում, նա իրավացի է, սակայն սա այդ դեպքը չի»,-հիշեցրեց Շ. Բաբայանը։ Տիկին Աճեմյանն այն համոզմանն էր, որ պետք է թույլ տալ, որպեսզի գոնե մեկ տարի օրենքը այս նոր տեսքով գործի։