Թուրքիա-Հայաստան սահմանի ապագան կքննարկվի Անկարայում
Հրանտ Դինք հիմնադրամը, Անկարայի համալսարանի Քաղաքագիտության ամբիոնի Տնտեսագիտության բաժնի հետ համագործակցությամբ, 2014թ.-ի նոյեմբերի 22-23-ին Անկարայում կազմակերպում է գիտական խորհրդաժողով՝ «Կողպված դարպասը: Թուրքիա-Հայաստան սահմանի ապագան» վերնագրով։ Խորհրդաժողովի ժամանակ կքննարկվի Թուրքիայի միակ փակ սահմանը, որն այդ կարգավիճակում է դեռևս 1993թ.-ից։ Խորհրդաժողովը տեղի կունենա Անկարայի համալսարանի Ջեբեջի մասնաշենքի Ազիզ Քյոքլյու խորհրդաժողովների սրահում։ Այն ուղիղ եթերով կհեռարձակվի Հրանտ Դինք հիմնադրամի www.hrantdink.org կայքէջում անգլերեն, թուրքերեն և հայերեն լեզուներով։ Այս խորհրդաժողովի նպատակն է «փակ սահմանի քաղաքականությանը» անդրադառնալը՝ դրա քաղաքական, տնտեսական, սոցիալական, բնապահպանական, մարդասիրական և տարածաշրջանային խնդիրների ասպեկտներով, ինչպես նաև Կովկասում խաղաղության կառուցման հեռանկարներով: Ներկա գտնվող հետազոտողների և փորձագետների միջոցով խորհրդաժողովը կփորձի նպաստել միջսահմանային երկխոսությանը` հնարավորություն ընձեռելով օգտագործելու բաց թողնված հնարավորությունները և աջակցելու այնպիսի նախաձեռնություններին, որոնք ուղղված կլինեն սահմանները վերացնելուն և տարածաշրջանային համագործակցությունը և ինտեգրումը խթանելուն։