A
A
Լեւոն Արոնյանը զբաղեցրեց 3-րդ տեղը
Մոսկվայում ավարտվեց շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հիշատակին նվիրված «Տաշիր» միջազգային մրցաշարը: Յոթ հնարավորից վաստակելով 5,5 միավոր, մրցաշարի հաղթող ճանաչվեց ռուսաստանցի գրոսմայստեր Ալեքսանդր Գրիշչուկը: Երկրորդ տեղը զբաղեցրեց աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը, որը առաջատարից ետ մնաց մեկ միավորով: Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը մրցանակային երրորդ տեղը գրավելու համար վերջին տուրում պետք է անպայման հաղթեր Էռնեստո Ինարկիեւին: Մեր շախմատիստը բավական վստահ անցկացրեց պարտիան, կարողացավ դիրքային առավելություն ստանալ, իսկ 65-րդ քայլին իր մրցակցին ստիպեց կանգնեցնել ժամացույցը: Այդպիսով. Լեւոն Արոնյանը տարավ առաջին ու միակ հաղթանակը մրցաշարում, վաստակեց 4 միավոր եւ զբաղեցրեց մրցանակային 3-րդ տեղը: