Հղիների նոր պահանջը. ստորագրահավաք
Կոչ՝ բոլոր մտահոգ քաղաքացիներին միանալ այս ստորագրահավաքին՝ իրավասու մարմիններից պահանջելով այսուհետ ևս փոխհատուցվել կանանց հղիության արձակուրդին նախորդող վերջին 12 ամիսների ընթացքում իրենց ունեցած միջին եկամտի 100%-ի չափով՝ առանց առավելագույն շեմ սահմանելու: ՀՀ վարչապետ պրն. Հովիկ Աբրահամյանին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար պրն. Արտեմ Ասատրյանին ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղական պրն. Սմբատ Սաիյանին Ամփոփելով «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» և «Պետական նպաստների մասին»» ՀՀ օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու առաջարկությունների փաթեթի վերաբերյալ վերջին օրերին տեղի ունեցած քննարկումներն ու միջոցառումները` մենք` Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս` փաստում ենք, որ որպես գիտակից քաղաքացիներ, ավելի քանի որևէ կառույց շահագրգիռ ենք, որ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից, այդ թվում նաև սոցիալական ոլորտի բյուջեից կատարվող ծախսերը լինեն հասցեական ու արդյունավետ, միաժամանակ` հավատացած ենք, որ բյուջետային միջոցների ծախսարդյունավետությունն ու հասցեականությունն անթույլատրելի է ապահովել ՀՀ քաղաքացիների` աշխատող ու երբևէ հղիության արձակուդից օգտվելու նպատակ ունեցող կանանց իրավունքների ոտնահարման հաշվին: Ինչպես արդեն մանրամասն վերլուծել ենք վերոնշյալ քննարկումների ժամանակ առաջարկվող փոփոխությունների փաթեթում ներառված հետեւյալ երեք դրույթները խնդրահարույց են` 1. հղիության արձակուրդի ժամանակահատվածի համար կնոջը տրամադրվող փոխհատուցման համար առավելագույն վերին շեմ սահմանելը, և 2. այդ փոխհատուցման չափը կնոջ` վերջին գործատուի մոտ ունեցած աշխատանքային ստաժով պայմանավորելը, 3. ազատազրկված կանանց հղիության եւ ծննդաբերության նպաստից զրկելը: Իրավական տեսանկյունից այս դրույթները հակասում են ինչպես ՀՀ Սահմանադրությանը և տեղական օրենքներին, այնպես էլ Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային կոնվենցիաների /Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիա/ և խարտիաների /Եվրոպական Սոցիալական խարտիա/ հիմնարար սկզբունքներին` խախտելով կնոջ` հղիության արձակուրդի ժամանակահատվածում իր եկամտին համազոր փոխհատուցում ստանալու իրավունքը, որն աշխատանքային իրավահարաբերություններում կնոջ եւ տղամարդու իրավահավասարությունն ապահովող հիմնարար իրավունքերից է: Տնտեսական տեսանկյունից այս դրույթները լուրջ մարտահրավեր են ստեղծելու այն բոլոր աշխատող կանանց համար /ըստ էության ՀՀ-ում աշխատող վերարտադրողական տարիքի գրեթե բոլոր կանանց/, ում եկամուտները կտրուկ նվազելու են հղիության արձակուրդի ժամանակ` կյանքի այն ժամանակահատվածում, երբ կտրուկ ավելանալու են նրանց ծախսերը` անտեսելով այդ կանանց ներդրումը պետության համախառն ազգային արդյունքի կերտման գործում, և տարիներ շարունակ այդ կանանց կողմից վճարված եկամտային հարկը: Բարոյահոգեբանական տեսանկյունից այս դրույթները բացասական ազդակ են ուղարկելու ոչ միայն աշխատող ու մայրացող կանանց, այլև ՀՀ բոլոր քաղաքացիներին` ցույց տալով, որ պետությունը կնոջ կյանքի ամենանվիրական, բայց և դժվարին պահին ոչ թե օժանդակում, այլ երես է թեքում իր քաղաքացուց` խարխլելով հավատը դեպի մեր պետությունն ու իր սոցիալական ապահովության համակարգը: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ առաջարկվող փոփոխությունները նպաստելու են ոչ թե բյուջեից կատարվող ծախսերի արդյունավետության բարձրացմանը, այլ ընդհամենը կրճատելու այդ ծախսերը՝ որեւէ անդրադարձ չունենալով արդյունավետության վրա, նաեւ նկատի ունենալով մեր պետության ժողովրդագրական աճի ցուցանիշները, արտագաղթի տեմպը ու աշխարհաքաղաքական դիրքը` անընդունելի ենք համարում որևէ օրինագծի ընդունում, որը կարող է դրդել անգամ հազար մայրերի վերանայել երկրորդ կամ երրորդ զավակ լույս աշխարհ բերելու իրենց որոշումը: Այդ իսկ պատճառով առաջարկում ենք սոցիալական բյուջեի ծախսարդյունավետության ապահովման համար մշակել այնպիսի մեխանիզմներ (ՀՀ Կառավարության վարչարարության շրջանակներում), որոնք որևէ կերպ անդրադարձ չեն ունենա Հայաստանի Հանրապետությունում աշխատող բարեխիղճ քաղաքացիների վրա: Ամփոփելով` պահանջում ենք, որ աշխատող բոլոր կանայք շարունակեն այսուհետ ևս փոխհատուցվել հղիության արձակուրդին նախորդող վերջին 12 ամիսների ընթացքում իրենց ունեցած միջին եկամտի 100%-ի չափով՝ առանց առավելագույն շեմ սահմանելու: