Գյուղի երեխաների մեծ մասն ընդունվում է բուհեր՝ առանց կրկնուսույցի մոտ պարապելու
Սյունիքի մարզի Խդրանց, Ագարակ, Եղվարդ և Ուջան գյուղերը միասին մեկ համայնք են կազմում։ Մանյա Գևորգյանը Խդրանց գյուղից է, հարս է եկել Եղվարդ։ 16 տարի է՝ տեղի միջնակարգ դպրոցի տնօրենն է, ամուսինն էլ նույն դպրոցում զինղեկ է աշխատում։ Ասում է` 16 տարի առաջ դպրոցում յոթանասունվեց աշակերտ կար, այժմ երեսունյոթն են մնացել։ Սեպտեմբերի 1-ին երեք աշակերտ են ունեցել, իսկ հաջորդ տարի, ասում է, ընդհանրապես առաջին դասարանցի չի լինի։ Դպրոցն էլ անմխիթար վիճակում է գտնվում, միայն տանիքն է նորոգված՝ միջազգային կազմակերպությունների միջոցներով։ Դպրոցական նստարաններն ու սեղանները դարձյալ արտերկրյա կառույցներն են ֆինանսավորել, իսկ ուսուցչականը՝ պետության միջոցներով են ձեռք բերել։ Գրադարանում գրքեր քիչ ունեն, նորերն էլ չկան։
Տիկին Մանյայի դուստրը Երևանի պետական համալսարանի իրավագիտության բաժնում է սովորում, դասերի ընթացքում վարձով բնակվում է մայրաքաղաքում։ Դպրոցի տնօրենն ասում է` ոչ միայն իր դուստրը, այլև դպրոցի շրջանավարտների մեծ մասն ընդունվում է պետական բուհեր, ընդ որում՝ առանց կրկնուսույցի մոտ պարապելու։ Ունեն քաղաքից գործուղված ուսուցիչներ, ովքեր շաբաթվա ընթացքում չորս օր գալիս են դասավանդելու դպրոցականներին։
Իսկ գյուղի համար ամենամեծ խնդիրը ջրի հարցն է. երեք-չորս օրը մեկ անգամ են ունենում։ «Գյուղում ենք ապրում, բայց բանջարեղենը գնում ենք»,-ասում է տիկին Մանյան` շեշտելով, որ դա ջրի պատճառով է, քանի որ հնարավորություն չեն ունենում ժամանակին այգիները ջրելու։ Հետո նա նշում է ճանապարհների և տրանսպորտի մասին։
Եղվարդում ամուսնությունների թիվը քիչ է, հետևաբար՝ ծնելիության մակարդակն էլ ցածր։ Արտագաղթն էլ վաղուց սովորական է դարձել, շատ են նաև սեզոնային աշխատանքի մեկնողները։
Եղվարդում տիկին Մանյան երեխաների համար ապագա չի տեսնում, ուզում է, որ քաղաքում կամ այլ երկրում փորձեն հաջողությունների հասնել։ Նա պատրաստ է անգամ երկրից գնալ, բայց ասում է՝ երեխաներն են դեմ։ Նա ցավով նշում է. ժամանակն անցնում է, իսկ խնդիրները մնում են չլուծված։