ՎԻՍՄԱՆԻ «ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ «ՓՅՈՒՆԻԿՈՒՄ»
Աջակցիր «Ա1+»-ին
Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում հերթական կենտրոնական հանդիպումը կայացավ: Այս անգամ չեմպիոն «Փյունիկը» հանդիպեց «Բանանցի» հետ:
Ոչ դիտարժան պայքարում անցած այս մրցավեճում դարպասի գրավում չարձանագրվեց: «Փյունիկը» շարունակում է միավորներ կորցնել նորանշանակ գլխավոր մարզիչ Հենկ Վիսմանի գլխավորությամբ: Հոլանդացի մասնագետը անհաջողության մատնվելով Հայաստանի հավաքականի հետ, այժմ էլ անցել է «Փյունիկին», որը նրա գլխավորությամբ 3 հանդիպում է անցկացրել Հայաստանի առաջնությունում: Այդ խաղերից 2-ը «Փյունիկն» ավարտել է ոչ-ոքի եւ խփել է ընդամենը 1 գնդակ: Նախքան Վիսմանի գալը, «Փյունիկը» անհամեմատ հաջող էր հանդես գալիս: Այդ ամենն առավել քան մտահոգիչ է, հատկապես այն տեսանկյունից, որ հուլիսի 12-ին «Փյունիկը» Չեմպիոնների լիգայում առաջին հանդիպումը կանցկացնի Ֆինլանդիայի չեմպիոն «Հակայի» հետ:
Առաջնության ետնապահ` Երեւանի «Արարատը», Ինտերտոտոյի գավաթի խաղարկությունում անհաջողության մատնվելուց հետո առաջին հանդիպումն անցկացրեց Հայաստանի առաջնությունում եւ կրկին պարտություն կրեց: Այս անգամ 1:3 հաշվով նա զիջել է «Էսթեղլալ Կոտայքին»: Թեեւ այդ խաղում առաջինը հաջողության հասան «Արարատի» ֆուտբոլիստները, սակայն «Է. Կոտայքին» հաջողվեց ոչ միայն հավասարեցնել հաշիվը, այլեւ կամային հաղթանակ տոնել: