Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԵՆՔ ԵՆՔ, ՄԵՐ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԸ

Սպորտ

Հուլիսի 12-13- ին մեկնարկում է Չեմպիոնների լիգայի եւ ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկությունները, որոնց կմասնակցեն նաեւ հայկական 3 ակումբներ. «Փյունիկը», «Բանանցը» եւ «Միկան»: Ի տարբերություն հայկական թիմերի, նրանց մրացկիցները ավելի լուրջ են սկսել նախապատրաստվել որակավորման առաջին փուլի հանդիպումներին:

«Փյունիկի» մրցակից ֆիննական «Հական», ըստ տեղի մամուլի, լավ տեղյակ է, որ Հայաստանի չեմպիոնը հաջող է հանդես գալիս Ֆինլանդիայի թիմերի հետ: Ֆինները «Փյունիկին» բավականին լուրջ են վերաբերվում եւ ամեն ինչ անելու են որակավորման առաջին փուլը հաղթահարելու եւ 2-րդ փուլում իրենց սկանդինավ հարեւան Նորվեգիայի ներկայացուցիչ «Վոլերենգայի» հետ հանդիպելու համար:

Իսկ ահա «Փյունիկը», չնայած իր երիտասարդ կազմին դեռ նոր ֆուտբոլիստներ չի հրավիրել: Ավելին, ակումբի առանցքային ֆուտբոլիստներ Ապուլա Բետեն (հիմնական դարպասապահը) եւ Կառլ Լոմբեն Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականի կազմում պետք է մասնակցեն հուլիսի 17-ին մեկնարկելիք Եվրոպայի առաջնությանը, ուստի լավագույն դեպքում կկարողանան «Փյունիկի» պատիվը պաշտպանել միայն «Հակայի» հետ կայանալիք առաջին խաղում:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում «Միկային» շատ ծանր մրցակից է բաժին ընկել, հանձին գերմանական «Մայնցի»: 100-ամյա պատմություն ունեցող այս թիմը Գերմանայի բունդեսլիգայում զբաղեցրեց 11-րդ հորիզոնականը, իսկ ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում հայտնվեց Արդդար խաղի համար նախատեսված լրացուցիչ տեղերի շնորհիվ:

Թիմի գլխավոր մարզիչ Քրիստիան Հեյդելը ասել է, որ չնայած իրենք հանդիպելու են համեստ ֆուտբոլային մի երկրի ներկայացուցիչի հետ, սակայն պետք է չէ թերագնահատել «Միկային»: Գերմանացիները միայն արդյուքներով են տեղյակ «Միկայի» կարողություններին եւ սկսել են հետեւել թիմի ելույթներին Հայաստանի առաջնությունում: «Միկան» թեեւ հաջող է հանդես գալիս առաջնությունում, սակայն պարզ է, որ ներկայիս կազմով չի կարող լուրջ խնդիրներ ստեղծել «Մայնցի» համար:

ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում հանդես կգա նաեւ 2004թ. Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիր «Բանանցը», որի մրցակիցը Վրաստանի գավաթակիր Թբիլիսիի «Լոկոմոտիվն» է: Վրացական ակումբը արդեն ուսումնամարզական հավաք է անցակացնում Թուրքիայում, որտեղից էլ կժամանի Երեւան, մասնակցելու առաջին հանդիպմանը: «Բանանցում» որոշ փոփոխություններ են տեղի ունեցել, որոնք սակայն դրական ազդեցություն չեն ունեցել թիմի խաղի վրա, քանի որ ակումբի գլխավոր թիմում են հայտնվել մի քանի երիտասարդ ֆուտբոլիստներ: