Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ճիշտ է արել կալանավորը, որ փախել է. փաստաբան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
ca4b93ef014c4d06076a81df5f9dff27

Օրերս Նորք ինֆեկցիոն հիվանդանոցից փախուստի դիմած կալանավոր Սուրեն Գաբրիելյանին երեկ առավոտյան ձերբակալել են Վրաստանի տարածքում։ Այս մասին հայտնել է նրա փաստաբան, Փաստաբանների պալատի անդամ Հակոբ Ճարոյանն, ով արդարացնում է իր պաշտպանյալի արարքը։ «Ճիշտ է արել, որ փախել է, քանի որ իրեն տանելու էին կալանավայր, որտեղ մնալը վնասակար էր նրա առողջությանը»,-նշել է Ճարոյանը։ Հիշեցնենք, որ Սուրեն Գաբրիելյանը ձերբակալվել էր մեկ տարի առաջ՝ 2012 թվականի սեպտեմբերի 30-ին։ Նրան մեղադրական միանգամից երեք հոդված էր առաջադրվել. փաստաթղթերի կեղծում, փողերի լվացում և խարդախություն։ Ապրիլին Գաբրիելյանի փաստաբանը միջնորդություն էր ներկայացրել՝ դատաբժշկական փորձաքննություն անցկացնելու, քանի որ իր պաշտպանյալի առողջական վիճակը կտրուկ վատացել էր։ Արդյունքում պարզվել է, որ Գաբրիելյանի մոտ լյարդի ցերոզ հիվանդությունն է առկա, ինչպես նաև՝ շաքարախտ։ Փաստաբան Ճարոյանը դիմել է Գլխավոր դատախազություն, որպեսզի թույլատրվի իր պաշտպանյալին տեղափոխել Շվեյցարիա՝ լյարդի փոխպատվաստման, քանի որ մեր երկրում նման վիրահատություն չի արվում։ Գլխավոր դատախազը մերժել է։ «Մեր երկրի դատավորները կամակատարներ են, իսկ Գլխավոր դատախազությունը թքած ունի Սահմանադրության համապատասխան հոդվածի վրա, որում հստակ նշված է, որ եթե դատապարտյալի պատժի կրումը խոչընդոտվում է առողջական խնդրի պատճառով, ապա պետք է դադարեցնել կալանքը՝ թույլ տալով նրան բուժում ստանալ»,-ասում է Ճարոյանը։ Վերջերս փաստաբանն ինքն է մեկնել Շվեյցարիա՝ աչքերը վիրահատելու նպատակով, իսկ երբ վերադարձել է, պարզել է, որ իր պաշտպանյալը փախուստի է դիմել։ «Եթե չփախչեր, նրան մահ էր սպասվում, քանի որ Գլխավոր դատախազությունն էլ, Հատուկ քննչական ծառայությունն էլ ոչինչ չեն ձեռնարկել՝ Սուրենի առողջական վիճակը շտկելու ուղղությամբ։ Փաստորեն, Գլխավոր դատախազությունը ոտնձգություն է կատարում բանտարկյալի կյանքի վրա»,-շեշտում է Հակոբ Ճարոյանը։ Ի պատասխան «Ա1+»- ի հարցին, թե քանի՞ տարով էր դատապարտվելու Սուրեն Գաբրիելյանը, եթե չփախչեր, փաստաբան Ճարոյանն ասաց. «Մոտավոր հաշվարկով կարող եմ ասել, որ 15 տարով։ Իսկ հիմա, երբ նա փախուստի դիմեց, կգումարվի ևս 3 տարի»։ Նա քիչ հավանական է համարում նաև, որ մեր երկիրը կդիմի Վրաստանին՝ կալանավորին արտահանձնելու նպատակով։ Նշենք, որ Սուրեն Գաբրիելյանն այդպես էլ իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունել և մշտապես հրաժարվել է ցուցմունք տալուց։