Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարդասիրական ոլորտի ավելի շատ աշխատակիցներ են առեւանգվել, լրջորեն վիրավորվել կամ սպանվել

Հասարակություն
01a9d01ca7c689288a7c760e239d40f4

Մարդասիրության համաշխարհային օրը մենք վերստանձնում ենք փրկարար օգնություն ցուցաբերելու մեր հանձնառությունը եւ հիշում ենք բոլոր նրանց, ովքեր զոհվել են այս ազնիվ գործին ծառայելիս: Անցյալ տարի մարդասիրական ոլորտի ավելի շատ աշխատակիցներ են առեւանգվել, լրջորեն վիրավորվել կամ սպանվել, քան նախկինում երբեւէ: Սա սահմռկեցուցիչ է և որեւէ արդարացում չունի: Վերջին շաբաթներին մարդասիրական առաքելության տասնյակ աշխատողներ, այդ թվում՝ ՄԱԿ-ի ընտանիքի անդամներ, կորցրել են իրենց կյանքը Հարավային Սուդանում եւ Գազայում: Չափազանց մեծ թվով մարդիկ են զոհվել կամ տուժել կազմակերպված հարձակումներից: Այս հանցագործություններն ամենածանր հարվածն են հասցնում մարդասիրական ոլորտի աշխատակիցներին եւ նրանց ընտանիքներին: Սակայն դրանք անդրադառնում են նաեւ միլիոնավոր այլ մարդկանց վրա: Հարձակումները մարդասիրական առաքելության աշխատակցների վրա թույլ չեն տալիս, որ ծայրահեղ կարիքի մեջ գտնվող մարդիկ ստանան փրկարար օգնություն: Երեխաները չեն պատվաստվում: Հիվանդ ու վիրավոր մարդիկ չեն բուժվում: Իրենց տները հարկադրաբար լքած մարդիկ մնում են առանց սննդի, ջրի ու կացարանի՝ ենթակա բռնության, հիվանդության կամ այլ վտանգների: Մարդասիրության համաշխարհային օրը մենք հարգանքի տուրք ենք մատուցում մարդասիրական առաքելությունների հերոսական աշխատակիցներին, որոնք խիզախորեն առաջ են մղվում՝ օգնելու կարիքի մեջ գտնվող մարդկանց: Մենք հիշում ենք նրանց զոհողությունները եւ ճանաչում ենք միլիոնավոր մարդկանց, որոնց գոյատեւման ապավենը մարդասիրական առաքելության աշխատակիցներն են: Եկեք հարգանքի տուրք մատուցենք ընկածներին՝ պաշտպանելով նրանց, ովքեր իրենց գործն են անում, եւ աջակցելով ամբողջ աշխարհում մարդասիրական օգնության գործողություններին: