«Ադրբեջանը ցանկացած պահի կարող է վերսկսել պատերազմը» . ադրբեջանագետ
«Ադրբեջանը Հայաստանին հակահարված է տալու» ,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը: «Մեր հավաստի աղբյուրներից տեղեկացել ենք, որ Ադրբեջանը ունի հակահայկական այլընտրանքային սադրիչ ծրագիր, որը շուտով գործի կդնի» ,-վստահեցրեց նա: Ադրբեջաբագետի կարծիքով միայն վերջին ժամանակահատվածում Ադրբեջանը երկու հզոր հարված ստացավ.«Առաջին հզոր հարվածը ռազմի դաշտում էր, որտեղ հերթական անգամ ապացուցվեց, որ ֆաշիստական Ադրբեջանը թույլ է, իսկ երկրորդ դիվանագիտական հարվածը Սոչիում էր, որտեղ նախքան եռակողմ հանդիպումը՝ Պուտին-Ալիև հանդիպման ժամանակ Ռուսաստանը հասկացրեց Ադրբեջանին, որ չի կարող իր արկածային քայլը շարունակել» ,-մեկնաբանում է նա: Պարոն Այվազյանը նկատում է, որ Ալիևը ոչ միայն չհասավ իր ուզածին, այլ նաև խուճապ ստեղծեց սեփական երկրում, բայց սա դեռ խաղաղություն չի նշանակում.«Ես համոզված եմ, որ պատերազմը այսպես թե այնպես վերսկսվելու է: Ես ինքս ծնվել ու մեծացել եմ Ադրբեջանում և հստակ կարող եմ ասել, որ Ադրբեջանը երբեք չի համակերպվելու Ղարաբաղի անկախության հետ և ցանկացած հարմար իրավիճակի դեպքում վերսկսելու է պատերազմը: Այս վերջին սահմանային լարված վիճակը կրկին եկավ ապացուցելու, որ մենք պատրաստ ենք արժանի հակահարված տալ»: