Դիլիջանցիները բողոքում են.աշխատատեղեր չկան (տեսանյութ)
Դիլիջանի բնակիչ Գեղեցիկ Ալիխանյանն արդեն մի քանի տարի է, ինչ ընտանիքի հետ աշխատում է Դիլիջանի խանութ–սրահներից մեկում, որտեղ ցուցադրված է իր որդու եւ ամուսնու ձեռքի աշխատանքները՝ նկարներ, փայտյա իրեր, զարդեր։ Հաճախորդներն այստեղ կարող են պատվերներ տալ եւ տեղում կպատրասվի։ Իր խոսքերով՝տուրիստները շատ են այցելում իր խանութ, բայց ոչ բոլորն են գնում։ «Սա ապրուստի միջոց չի կարելի համարել, քանի որ այս գործը միայն ամռանն է լինում, իսկ ձմռանը տուրիստների բացակայության պատճառով խանութը չի գործում։ Տեղի վարձ ենք տալիս, հարկի գումար ենք տալիս, սա միայն հացի գումարի համար է աշխատում, աշխատանքները շատ քիչ են վաճառվում»,–ասում է Գեղեցիկ Ալիխանյանը։ Տիկին Գեղեցիկի մտահոգություններից մեկն էլ՝Դիլիջանում աշխատատեղեր չլինելու խնդիրն է, որի պատճառով երիտասարդությունը լքում է իր քաղաքը. «Երիտասարդությունը Դիլիջանից ստիպված դուրս է գալիս, չի կարողանում ընտանիք պահի։ Նոր–նոր սկսել է Դիլիջանի նոր կառուցված բանկում ու դպրոցում աշխատատեղեր ստեղծվել, բայց Դիլիջանից շատ քիչ մարդ է այդտեղ աշխատում, հիմնականում արտասահմանցիներ են գալիս ու աշխատում»։ Դիլիջանի մյուս բնակիչները եւս դժգոհում են աշխատատեղերի պակասից եւ խնդրում, որ նոր աշխատատեղեր ստեղծելիս, գոնե, տեղի բնակիչներին ընդունեն աշխատանքի։