Խաղաղության դեսպանները Հայաստանում են
«Խաղաղությունը հնարավոր է բոլոր դեպքերում և կարևոր չի, թե որքան լուրջ է հակամարտությունը»,- ասում է Հարավային Կորեայից միջազգային երիտասարդական խաղաղության խմբի համակարգող Վիկի Կիմը. կազմակերպություն, որի նպատակն է խթանել համաշխարհային խաղաղությունը: Դա լավագույնս ապացուցում է Ֆիլիպինների Մինդանաո կղզու օրինակը,հավելում է նա, երբ 40-ամյա հակամարտությունից հետո պարոն Ման Հի Լիի («Երկնային մշակույթ,խաղաղություն ամբողջ աշխարհին և լույսի վերականգնում» կազմակերպության նախագահը-խմբ.) միջամտությամբ 2 հակամարտող` քրիստոնյա և մուսուլման կողմերի միջև ստորագրվեց հաշտության համաձայնագիր: «Ահա թե ինչու ես այսօր եկել եմ Հայաստան, որպեսզի կիսվենք մեր փորձով»,-ասում է Վիկի Կիմը: Վերջինս եւ կազմակերպության քարտուղար Ջոշ Լին այս օրերին հանդիպումներ են ունեցել հայ երիտասարդական կազմակերպությունների, կանանց միությունների, քաղաքական գործիչների հետ: Նրանք այսօր այցելել են նաեւ Լեռնային Ղարաբաղ, որտեղ ուզում են պարզել, թե իրենց գրասենյակը ինչ դերակատարություն կարող է ունենալ Հարավային Կովկասում խաղաղության ամրապնդման գործընթացում: Կորեացի հյուրերը ԼՂ-ում հանդիպել են վարչապետ Արա Հարությունյանի հետ եւ նրան հրավիրել են մասնակցելու սեպտեմբերի 15-19-ը Սեուլում կայանալիք միջազգային համաժողովին, որտեղ քննարկվելու են խաղաղության հասնելու գործում տարբեր հոգևոր ավանդույթների դերը, ինչպես նաև այն առաջին քայլը կլինի միջկրոնական հարաբերություններում միջազգային նոր օրենքի ստեղծման համար: