ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Աջակցիր «Ա1+»-ին
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի անհաջողությունները 2006թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում շարունակվում են: Հերթական խաղում մեր թիմը հյուրընկալվելիս խոշոր 0:3 հաշվով պարտվեց Ռումինիայի ընտրանուն:
Ի տարբերություն Մակեդոնիայի հետ անցած շաբաթ Երեւանում կայացած խաղի, այս անգամ գլխավոր մարզիչ Հենկ Վինսմանը փոփոխել էր հիմնական կազմը: Էդգար Մանուչարյանը, Արա Հակոբյանը եւ Եղիշե Մելիքյանը, ինչպես եւ սպասվում էր, ընդգրկվել էին մեկնարկային կազմում:
Հանդիպումը սկսվեց դաշտի տերերի առավելությամբ, որոնք խաղը սկսվելուն պես նետվեցին առաջ: Սակայն դարպասապահ Ռոման Բերեզովսկու գլխավորությամբ հայ պաշտպանները հաջող էին խաղում` չթողնելով մրցակցին ռեալ գոլային պահեր ստեղծել: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները բացի պաշտպանվելուց նաեւ հակագրոհներ էին կազմակերպում, որոնք այնքան էլ լուրջ վտանգ չէին պարունակում իրենց մեջ: Այսպես շարունակվեց մինչեւ 29-րդ րոպեին, երբ ռումինացիները հերթական գրոհը արդյունավետ ավարտ ունեցավ: Հաշվի մեջ առաջ անցնելով` ռումինները մի փոքր շունչ քաշեցին եւ 41-րդ րոպեին 2-րդ անգամ գրավեցին Հայաստանի դարպասը: Մեր ֆուտբոլիստները կարող էին ընդմիջման գնալ հաշիվը կրճատելուց հետո. Արա Հակոբյանը խաբս տալով Ռումինիայի ավագ Կիվուին, մեն- մենակ մնաց դարպասապահ Լոբոնտի հետ եւ, թվում էր ,դիպուկ հարված կատարեց, սակայն գնդակը ետ մղվեց դարպասաձողից:
2-րդ կեսը անցավ ավելի հանգիստ պայքարում: 79-րդ րոպեին ռումինացիները 3-րդ գնդակը ուղարկեցին Ռոման Բերեզովսկու պաշտպանած դարպասը եւ հաղթեցին 3:0 հաշվով:
Հայաստանի հավաքականը ընտրական 9-րդ խաղում 7-րդ պարտությունը կրեց, իսկ խոշոր հաշվով` 3-րդը: Մեր ազգային ընտրանին դեռ երբեք այսքան թույլ եւ անօգնական չի եղել: Հատկապես աղետալի վիճակում է մեր պաշտպանությունը, եւ պատահական չէ, որ բոլոր 9 խաղերում էլ գնդակ ենք ընդունել սեփական դարպասը: Հայաստանին արդեն Եվրոպայում դասում են ամենաթույլ հավաքականների շարքին:
Իսկ ընտրական փուլում հաջորդ հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի սեպտեմբերին Երեւանում Հոլանդիայի ընտրանու հետ:
Ընտրական 1-ին խմբում եւս մեկ հանդիպում ավարտվեց խոշոր հաշվով: Մակեդոնաիայի հավաքականը, որին մենք զիջեցինք 1:2 հաշվով, պարտվեց Չեխիային ոչ ֆուտբոլային 1:6 հաշվով: