Մինսկի խմբի ազդեցությունը թուլանում է. Նախախորհրդարան
Հայ-ադրբեջանական սահմանային լարվածության աճումը տարածաշրջանում ազդեցություն ունեցող ուժերի հարաբերությունների փոփոխության հետեւանք է: Ստատուս-քվոն որոշիչ մասով ձեւավորվել եւ պահպանվում էր որպես այդ ուժերի միջեւ աշխարհաքաղաքական կոնսենսուսի արդյունք: Ներկայումս նրանց հարաբերություններն էապես փոխվել են: Արեւմուտքը եւ Ռուսասատանը, վերածվել են միմյանց հետ հակամարտող կողմերի եւ ձգտում են մեկը մյուսին դուրս մղել տարածաշրջանից: Այս ամենի հետեւանքով, հատկապես՝ սեպտեմբերի 3-ից հետո, դիտվում է Մինսկի խմբի միջնորդական եւ վերահսկիչ ներուժի ու ազդեցության թուլացման գործընթաց, ինչը Արեւմուտքը ցանկանում է կասեցնել: Զուգահեռաբար՝ սեպտեմբերի 3-ից հետո հայաստանյան վարչախմբի վարած արտաքին քաղաքականության տատանումների էական մեծացման պատճառով կտրուկ կերպով սկսեց նվազել Հայաստանի սուբյեկտայնությունը: Այդ պատճառով արտաքին անվտանգության բեռը մնացել է ժողովրդի եւ նրա բանակի ուսերին:Ադրբեջանը, առիթից օգտվելով, շփման գծի տարբեր հատվածներում սադրանքի է դիմում՝ նպատակ ունենալով փորձարկելու մեր պաշտպանունակությունը, ինչպես նաեւ շոշափելու միջազգային ռեակցիան: Ուստի Նախախորհրդարանն առավել քան արդիական է համարում հայության կամքով ու ձեռքով վարչախմբին հեռացնելու, ժողովրդի իշխանությունը վերահաստատելու եւ Հայաստանի սուբյեկտայնությունը վերականգնելու հրամայականը: Միեւնույն ժամանակ՝ Նախախորհրդարանն իր զորակցությունն է հայտնում մեր զինծառայողներին ու սահմանային բնակավայրերի բնակիչներին՝ նրանց ցուցաբերած արիության եւ անձնազոհության համար եւ մեր ժողովրդին կոչ է անում պատրաստ լինել միահամուռ կերպով ոտքի ելնելու ու մեր Հայրենիքը պաշտպանելու սուրբ գործին: