Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վրաստանում քաղաքական մթնոլորտ ձևավորող ուժերը հեռու են քսենոֆոբիայից» (տեսանյութ)

Քաղաքականություն
վրաց

«Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու մոտ վերջերս տեղի ունեցած միջադեպը կանխամտածված չէր. այն ուներ կենցաղային հիմք, սակայն հետագայում մեկնաբանվել էր որպես էթնիկական կոնֆլիկտ»,- այս մասին այսօր լրագրողների հետ «Հայ-վրացական հարաբերությունները ներկա փուլում, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու մոտ վերջերս տեղի ունեցած միջադեպի հնարավոր ազդեցությունը ազգամիջյան հարաբերությունների վրա» թեմայով քննարկմանը հայտարարեց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը։ Պարոն Մինասյանը չի կարծում, որ հայ-վրացական հարաբերությունների ընդհանուր ֆոնին կանդրադառնա, բայց նաև հավելեց, որ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ բոլոր հետխորհրդային երկրներում նման տրամադրություններ կան: Իսկ թե ինչպես է այս ամենին արձագանքում Թբիլիսին, Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Գեորգի Գվիմրաձեն նշեց, որ Վրաստանում քաղաքական մթնոլորտ ձևավորող ուժերը լիբերալ են` հեռու քսենոֆոբիայից և հավելեց, որ այս միջադեպը անընդունելի է նաև վրացիների համար, ինչպես նաև նկատեց, որ դժվար է լրջորեն խոսել Վրաստանում ազգային փոքրամասնության նկատմամբ լուրջ խախտումների մասին: Հարցին, թե ինչպես խուսափել նման միջադեպերի այսպիսի մեծ արձագանքից, փորձագետ, «Քաղաքացիական պայմանագրի» խորհրդի անդամ Արսեն Խառատյանը նշեց, որ երկու երկրների միջև պետք է մեծ երկխոսություն լինի։ Նա նաև կոչ արեց Վրաստանի հայ համայնքին լինել ավելի ակտիվ ու նախաձեռնող վրացական քաղաքական դաշտում` նշելով, որ վերջին ՏԻՄ ընտրություններին հայ համայնքն ուներ միայն մեկ թեկնածու: Ըստ Քաղաքական և իրավական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ջոնի Մելիքյանի` հնարավոր է, որ միջադեպը հայ համայնքի մի քանի ներկայացուցիչների կենցաղային հիմքով կոնֆլիկտն էր հենց Վրաստանի հայ եկեղեցու հետ: