ԹՈՒՅԼ ՄՐՑԱԿԻՑ ՉԿԱ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների եւ երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Սամվել Պետրոսյանը անդրադառնալով Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի վիճակահանությանը, մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց համար միեւնույն է թե ում հետ են մրցելու: Հիշեցնենք, որ Հայաստանը ընդգրկվել է B խմբում եւ հանդիպելու է Ֆրանսիայի, Անգլիայի եւ Նորվեգիայի 19 տարեկանների հետ:
«Բոլորն էլ ուժեղ թիմեր են: Ծանոթ ենք Ֆրանսիայի հետ, որին հանդիպել ենք անցած տարի կայացած ընտրական առաջին փուլում: Ֆրանսիացիները շատ ուժեղ թիմ ունեն: Մյուս մրցակիցներին կուսումնասիրենք տեսագրությունների օգնությամբ»,- ասաց Սամվել Պետրոսյանի ավելացնելով, որ մյուս խմբում ընդգրկված Գերմանիան եւ Սերբիան նույնպես «նվեր» չեն:
19 տարեկանների հավաքականը շուտով արդեն կսկսի ուսումնամարզական հավաքներ անցկացնել եւ նախապատրաստվել Հյուսիսային Իռլանդիայում կայանալիք եզրափակիչ փուլին: Իսկ մինչ այդ բոլոր թեկնածուներն ընդգրկվել են երիտասարդական հավաքականի կազմում եւ հունիսի 8-ին Նովոդարիում կմասնակցեն Ռումինիայի հետ կայանալիք ընտրական հանդիպմանը: Վնասվածների պատճառով Ռումինիա չեն մեկնել միայն Ալեքսանդր Պետրոսյանը եւ Խորեն Վերանյանը: