ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻՆ
Աջակցիր «Ա1+»-ին
Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում հանդիպեց Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր ձեռք բերած 19 տարեկանների հավաքականի անդամներին: Անդրանիկ Մարգարյանը նշեց, որ անկախացումից հետո սա հայկական ֆուտբոլի ամենամեծ նվաճումն էր եւ ինքը մեծ հույսեր է կապում այս սերունդի հետ:
«Երբ հանդիպում ենք նախկին ԽՍՀՄ հանրապետությունների ղեկավարների հետ եւ խոսում ենք ֆուտբոլից, հիշում ենք միայն «Արարատ-73»-ի հաջողությունները, քանի որ դրանից հետո նվաճումներ չենք ունեցել», - ասաց վարչապետը:
Անդրանիկ Մարգարյանը կառավարության կողմից հատուկ խրախուսական շնորհակալագրեր հանձնեց հավաքականի ֆուտբոլիստներին:
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը եւս նման շնորհակալագիր ստացավ հայկական ֆուտբոլում ունեցած մեծ ավանդի համար:
Ռուբեն Հայրապետյանը վարչապետին եւ կառավարությանը շնորհակալություն հայտնեց ուշադրության համար, իսկ ֆուտբոլիստներին եւս մեկ անգամ ասաց, որ նրանք Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում պետք է ձգտեն հաղթանակի:
Եվրոպայի չեմպիոն դառնալու դեպքում արդեն մեր ֆուտբոլիստները կարժանանան բավականին լուրջ դրամական պարգեւների: Ավելորդ չէ նշել, որ անկախացումից հետո սա առաջին դեպքն էր, երբ ֆուտբոլային պատվիրակության հետ նման պաշտոնական հանդիպում է կազմակերպվում: