Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ «ՄԱՀՎԱՆ» ԽՄԲՈՒՄ

Սպորտ

Այսօր կայացավ ֆուտբոլի Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության եզրափակիչ փուլի վիճակահանությունը: Հայաստանի 19 տարեկանների հավաքականը B խմբում մրցելու է Անգլիայի, Ֆրանսիայի եւ Նորվեգիայի ընտրանիների հետ: Անգլիան եւ Ֆրանսիան համարվում էին այս առաջնության գլխավոր ֆավորիտները:

Ֆրանսիայի 19 տարեկանների հավաքականի հետ Հայաստանը արդեն հանդիպել է 2004թ. սեպտեմբերին` Եվրոպայի առաջնության ընտրական 1-ին փուլի խմբային մրցաշարում: Այդ խաղում Հայաստանի հավաքականը 1:2 հաշվով պարտվեց: Մյուս 2 մրցակիցները մեզ նույնպես ծանոթ են, քանի որ 2003թ. Հայաստանի 17 տարեկանների հավաքականը մրցել է Անգլիայի եւ Նորվեգիայի իր հասակակիցների հետ: Անգլիացիներին հյուրընկալվելիս Հայաստանը զիջել էր 0:2 հաշվով, իսկ Նորվեգիային հաղթել 4:1 հաշվով:

Եզրափակիչ փուլի մյուս խաղում ընդգրկվել են Հյուսիսային Իռլանդիայի, Հունաստանի, Սերբիայի եւ Գերմանիայի թիմերը:

Մրցաշարը կայանալու է հունիսի 18-ից 29-ը Հյուսիսային Իռլանդիայում: Խմբերում 1-ին 2 տեղերը գրաված թիմերը դուրս կգան կիսաեզրափակիչ, իսկ լավագույն հնգյակը իրավունք կստանա մասնակցել աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին: