Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կիրականացվի ծրագիր՝ուղղված աղետների ռիսկի նվազեցմանը

Հասարակություն
0glxavor0

Հուլիսի 11-ին ՀՀ ԱԻ նախարարությունում կազմակերպվել էր քննարկում` նվիրված «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության Աղետների ռիսկի նվազեցման ներառական ծրագրի շրջանակներում համագործակցության հարցերին: Ծրագիրը շարունակելու է Հարավային Կովկասում «Սեյվ դը չիլդրենի» կողմից իրականացված աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված հաջող աշխատանքը, որը կատարվել էր նախորդ ԱՌՆ ներառական ծրագրի շրջանակներում: «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության ծրագրի ղեկավար Սերգեյ Սահակյանը հանգամանալից ներկայացրեց ծրագրի բովանդակությունը` նշելով, որ իրենք շատ կարևորում են ԱԻ նախարարության հետ համագործակցությունը և փորձն այդ ոլորտում. « Հաշվի առնելով նախորդ ծրագրի դրական արձագանքները` մենք որոշեցինք շարունակել աշխատանքներն այդ ուղղությամբ: Աշխատելու ենք խթանել երեխաների, ու հատկապես հատուկ կարիքներով կամ հաշմանդամ երեխաների հետ կապված հարցերում ԱՌՆ բաղադրիչի ընդգրկումը, և ուսուցման նորարարական մեթոդների օգնությամբ երեխաներին հաղորդել գործնական գիտելիքներ` կապված անվտանգության վարքականոնների հետ»: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել ՀՀ 5 մարզում (Արագածոտն, Շիրակ, Գեղարքունիք, Լոռի) և Երևանում: Դրա շնորհիվ շուրջ 14 000 երեխա և 1700 կրթական հաստատությունների աշխատակիցներ կդառնան ծրագրի շահառու: Ծրագրում ընդգրկված է 21 հատուկ հանրակրթական դպրոց, առաջին փուլում ներառված խնամքի և պաշտպանության հաստատությունները, ինչպես նաև ևս 21 մանկապարտեզ ու 20 ներառական հանրակրթական դպրոց: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական օգնության հարցերով գլխավոր վարչության աղետներին նախապատրաստման ծրագրի (DIPECHO) կողմից: Ծրագիրը կտևի մինչև 2015 թ. հուլիս: Քննարկմանը մասնակցող ԱԻՆ ներկայացուցիչները հավաստեցին, որ պատրաստ են հնարավորինս աջակցել ծրագրի իրականացմանը: