Ազնվացեղ եղջերուները կխթանեն էկոտուրիզմը ՀՀ-ում
«Դիլիջան» ազգային պարկում կովկասյան ազնվացեղ եղջերուներ կբուծեն: ՀՀ Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը WWF-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարեն Մանվելյանի ուղեկցությամբ այցելել է կովկասյան ազնվացեղ եղջերուի բազմացման համատեղ ծրագրի շրջանակներում Դիլիջան ազգային պարկի տարածքում հատկացվելիք հնարավոր վայրը, ծանոթանալու եղջերուների բուծման պայմաններին: Ինչպես տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքը, Արամայիս Գրիգորյանը կարևորել և ողջունել է կովկասյան ազնվացեղ եղջերուի Հայաստան վերադարձի ծրագիրը, ինչը կխթանի նաև տարածաշրջանում էկոտուրիզմի զարգացումը: «Կովկասյան ազնվացեղ եղջերուի բազմացման կենտրոնի ստեղծման տարածքի ընտրությունը պետք է պայմանավորվի մի քանի հանգամանքներով: Բացի այն, որ տեղանքը նպաստավոր պետք է լինի եղջերուների բուծման համար, այն նաև սոցիալական խնդիր է լուծելու` ստեղծելով աշխատատեղեր մոտակա գյուղի բնակիչների համար: Ազնվացեղ եղջերուներին կերակրելու և նրանց վայրի բնության գրկում հետևելու հնարավորությունը մեծ խթան կհանդիսանա էկոտուրիզմի զարգացման համար»,-նշել է նախարարը: Հայաստանում Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցման ծրագիրն իրականացնում է Բնության համաշխարհային հիմնադրամը Անդրսահմանային միացյալ քարտուղարության եւ Պրոմեթեյ բանկի աջակցությամբ: Ծրագրի հիմնական նպատակն է «Դիլիջան» ազգային պարկում հիմնել նշված տեսակի վերարտադրվող խումբ: Տարվում են «Դիլիջան» ազգային պարկում եղջերուների բազմացման կենտրոնի ստեղծման և եղջերուների 4 արու և 11 էգ առանձնյակների ձեռքբերման ու տեղափոխման աշխատանքներ: Եղջերուները կբազմացվեն իսկ այնուհետև ազատ կարձակվեն բնություն: Ծրագիրը ֆինանսավորում են WWF Գերմանիան՝ 25,6 միլիոն դրամ և Orange Արմենիան՝ 10.0 միլիոն դրամ: Կովկասյան ազնվացեղ եղջերուն ընդգրկված է ՀՀ կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության (IUCN) չափորոշիչներով գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»: Էկոլուր