Ախլաթյանում կեսօրն անց էլ կարկուտի կույտեր կային
Երեկ ուշ երեկոյան Սիսիանի շրջանի Ախլաթյան գյուղում տեղացած մոտ ժամ անձրեւախառն կարկուտը զգալի վնաս է պատճառել պտղատու ծառերին, բանջարաբոստանային մշակաբույսերին:
Հեղեղաջրերը մարդկանց տներն ու անասնագոմերն են լցվել: Ըստ Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանի՝ երեկ տեղացած կարկուտը վնասներ է հասցրել նաեւ Կապանի շրջանի Շիկահող համայնքին: Վերջինիս տեղեկատվությամբ` Սյունիքի մարզի համար գյուղատնտեսական այս տարին անբարենպաստ է:
Վաղ գարնանը տեղացած ձյունն ու ջերմաստիճանի կտրուկ նվազումը ծաղկած ծառերի ցրտահարման պատճառ դարձավ: Այնուհետեւ ժամանակ առ ժամանակ տեղացող կարկուտը վնասներ է հասցնում մարզի պտղատու այգիներին, բանջարաբոստանային մշակաբույսերին, հացահատիկի ցանաքատարածություններին:
«Մինչ օրս փոխհատացում են ստացել Մեղրու տարածաշրջանի 10 գյուղերի բնակիչներ` հողի եւ ջրի վարձավճարների հետ կապված»,- նշում է Ս. Թանգյանը:
Ախլաթյանում մարդիկ ինքնուրույն են նորոգում իրենց տան տանիքները: Հույս չունեն, որ կառավարությունը կաջակցի իրենց:
Նախնական հաշվարկով տեղացած կարկուտը Ախլաթյանում վնասել է բանջարաբոստանային մշակաբույսերի 30-ից 40 տոկոսը: Վնասի չափը ճշտվում է:
Արմեն Հովակիմյան, Սիսիան