Նոր նախաձեռնություն՝ էներգիայի սակագնի բարձրացման դեմ (տեսանյութ)
Օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագնի դեմ պայքարող շարժումներին միացել է եւս մեկը՝ «Ոչ թալանին» նախաձեռնությունը։ Նախաձեռնության անդամ, «Հասարակական պաշտպանների միության տնօրեն Արամ Գրիգորյանի խոսքերով՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը գործառութային իմաստով գոյություն չունի։ «Այդ հանձնաժողովի միակ գործառույթն է սակագներ սահմանելուց առաջ լսել սպառողներին, լսել ընկերություններին, բանավեճ կազմակերպել սպառողների եւ ընկերությունների միջեւ, որից հետո որոշում ընդունել, սակայն ինքը օգտագործելով իշխանական հնարավորությունները, արգելեց սպառողների, քաղաքացիների մասնակցությունը այդ որոշմանը»,- այսօր հրավիրված բացօթյա մամուլի ասուլիսում հայտարարեց նախաձեռնության անդամ, Հասարակական պաշտպանների միության տնօրեն Արամ Գրիգորյանը։ Նախաձեռնությունը պատրաստվում է դիմել ԱԺ-ին՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մասին օրենքում փոփոխություններ կատարելու համար։ Օրենքը, ըստ Արամ Գրիգորյանի, ենթադրում է սպառողների ակտիվ մասնակցություն պրոցեսին, իսկ ընթացակարգը չի նախատեսում։ «Մարդիկ գնում են, ասում են տեղ չկա։ Պետք է հանձնաժողովին ստիպել, որ գործառույթը կատարի։ Այստեղ մոնոպոլիա է, ինքը ձեռք է բարձրացնում, անցկացնում է որոշումը։ Սրանք առաջնահերթ խնդիրներ են, որ պետք է արվի եւ նախաձեռնությունը կփորձի այդ քայլերը առաջ տանել»,-եզրափակեց նա։