ԱՆՆԱԽԱԴԵՊ ԱՐԴՅՈՒՆՔ ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը փայլուն ելույթ ունեցավ Եվրոպայի առաջնության ընտրական 2-րդ փուլում: Հայ ֆուտբոլիստները ընդգրկված էին 4-րդ խմբում, որտեղ նրանց մրցակիցներն էին Իտալիայի, Բելգիայի եւ Հունգարիայի 19 տարեկանների հավաքականները:
Վերջին 3-րդ տուրում Հայաստանի 19 տարեկանների հավաքականը 5:1 հաշվով պարտության մատնեց տանտերերին` Հունգարիայի հավաքականի ֆուտբոլիստներին եւ դուրս եկավ Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության եզրափակիչ փուլ: Այս մրցավեճում 4 գոլի հեղինակ է դարձել 18-ամյա Էդգար Մանուչարյանը: Եւս մեկ գնդակ խփել է Արտակ Հովհաննիսյանը: Այս խմբի մյուս խաղում Իտալիան 0:2 հաշվով զիջել է Բելգիային:
Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը 4-րդ խմբում 7 միավորով գրավեց 1-ին հորիզոնականը: Հայկական ֆուտբոլի պատմության մեջ դեռ ոչ մի տարիքային հավաքականի չէր հաջողվել դուրս գալ Եվրոպայի կամ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ:
Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության եզրափակիչ փուլը կայանալու է այս տարվա հուլիսին, Հյուսիսային Իռլանդիայում 8 թիմերի մասնակցությամբ: ԱՊՀ եւ մերձբալթյան երկրներից միայն Հայաստանին հաջողվեց դուրս գալ եզրափակիչ փուլ: