«Սերժ Սարգսյանը մինչեւ հոկտեմբեր չի դիմանա» (տեսանյութ)
«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանն ու նրա ընկերները անցյալ տարվա նոյեմբերի 5-ին պատրաստ չեն եղել ոստիկանների հետ բախումներին. այսօր մոտ 1.5 ժամ ուշացումով մեկնարկած դատական նիստում հայտարարեց Շանթ Հարությունյանը. «Օսիպյանի հետ էլ, որ առանձնացանք, ասաց, ոստիկանությունը ձեզ կուղեկցի, ես ասեցի տղերք աչքիս բան չի լինելու։ Բայց ինչ եղավ՝ հենց ոտքս դրեցի մայթին, ասեցին դուրս արի այստեղից, սա իրավիճակն է եղել»։ Այս գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաեւ նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում հեղափոխության փորձ կատարած Շանթ Հարությունյանի անչափահաս որդուն՝ Շահեն Հարությունյանին։ Հայրը համոզված է՝ այս կերպ փորձում են կանխել իր սկսած պայքարը. «Հերս չի կոտրվել, ես էլ չեմ կոտրվելու... 5 տարի հետո Սերժն ավելին է ստանալու, եթե դիմանա: Նա մինչեւ հոկտեմբեր չի դիմանա, եթե նրա տեղը ղազախն է որոշում...»։ Այսօր ողջ դատական նիստի ընթացքում հետազոտվեցին գործում առկա տեսաերիզները, որով նախաքննական մարմինը հիմնավորված է համարել բոլոր 14 ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքները։ Գործով ամբաստանյալ Վահե Մկրտչյանի պաշտպան Հովհաննես Քոչարյանը հակառակ կարծիքի է. «Ես գտնում եմ, որ հետազոտված տեսանյութերը ավելի շատ արդարացման ապացույցներ էին պարունակում, քան մեղադրական։ Չեմ հերքում՝ մեղադրական տարրեր եւս կային։ Սակայն տեսանյութը ցույց է տալիս, որ Վահե Մկրտչյանին մեղսագրված արարքն ինքը չի կատարել»,- հայտարարեց պաշտպանը։ Շանթ Հարությունյանն ու նրա ընկերները մեղադրվում են անցյալ տարվա նոյեմբերի 5-ին խուլիգանության եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։ Հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 9-ին։