ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՄՈՏ ԵՆ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆԸ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը բավականին հաջող է հանդես գալիս Եվրոպայի առաջնության ընտրական 2-րդ փուլի խմբային մրցաշարում, որը ընթանում է Հունգարիայում:
Ինչպես արդեն տեղեկացրել էին մեր հավաքականը մրցավայր էր ժամանել մարտական կազմով, որում ընդգրկված էին փորձառու ֆուտբոլիստներ, ուստի սպասելիքներ իրոք կային:
Առաջին խաղում Հայաստանի 19 տարեկանների հավաքականը մրցեց Իտալիայի 19 տարեկանների հետ, որը համարվում էր մրցաշարի ֆավորիտ, իսկ այս խաղում իտալացիների հաջողությանը քչերն էին կասկածում: Հանդիպումը ընթացավ հավասար պայքարում եւ ավարտվեց 0:0 հաշվով:
Մինչեւ 19 տարեկանների Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Պաոլո Բերետինին Հայաստանի հանդիպումից հետո ասել է. «Խաղից առաջ մենք համոզված էինք, որ Հայաստանի հավաքականի հետ հանդիպումը կտոնենք հաղթանակով, բայց Հայաստանը ցույց տվեց շատ գրագետ եւ տակտիկապես հասուն խաղ: Շատ լավ գործեց Հայաստանի թիմի պաշտպանությունը, որը թույլ չտվեց մեր հարձակվողներին գոնե մեկ անգամ գոլային լուրջ պահ ստեղծել Հայաստանի հավաքականի դարպասին: Ինձ շատ դուր եկավ ձեր թիմի միասնական խաղը: Այս հանդիպումից հետո ես համոզված եմ, որ Հայաստանի հավաքականը եզրափակիչի հավակնորդներից մեկն է լինելու»:
Այս խմբի մյուս խաղում Բելգիան 4:1 հաշվով պարտության մատնեց Հունգարիային: 2-րդ խաղում Հայաստանի հավաքականը հանդիպեց Բելգիայի հետ եւ շնորհիվ 67-րդ րոպեին Արտակ Օսեյանի խփած գոլի հաղթանակ տոնեց:
Բելգիայի 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Մարկ Վան Ջերսոմն նույնպես դրական կարիծիք է հայտնել. «Հայաստանի հավաքականի հետ շատ դժվար էր խաղալ, որովհետեւ ունեիք շատ ուժեղ պաշտպանություն, որը չափազանց փայլուն խաղ ցուցադրեց: Ձեր հավաքականը նաեւ երկու շատ ուժեղ հարձակվող ուներ, որոնք շատ արագ միանում էին հարձակմանը եւ միանգամից վտանգավոր գոլային պահեր ստեղծում: Հայաստանի հավաքականը մեզ թույլ չտվեց, որպեսզի մենք կարողանանք մեր խաղը ցույց տալ: Տակտիկապես շատ գրագետ էիք գործում եւ շատ միասնական խաղ ցույց տվեցիք: Դաշտում այնպիսին էր նրանց համագործակցությունը, որ տպավորություն էր ստեղծվում, թե այդ տղաները միշտ միասին են խաղացել: Ինձ վրա փայլուն տպավորություն թողեց նաեւ ձեր հավաքականի դարպասապահը եւ առանց նրա հաղթանակի հասնելը գուցե շատ դժվար կլիներ: Ես Ձեզ շնորհավորում եմ»:
Իտալացիները իրենց հերթին 2-րդ տուրում 3:0 հաշվով պարտության մատնեցին Հունգարիային:
Վերջին տուրում Հայաստանը կհանդիպի Հունգարիային, իսկ Իտալիան՝ Բելգիային: Հայաստանի 19 տարեկանների ընտրանին Հունգարիային հաղթելու դեպքում կարող է դուրս գալ Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության եզրափակիչ փուլ, որը կանցկացվի 8 թիմերի մասնակցությամբ այս տարվա հուլիսին:
Պետք է ընդգծել, որ Սամվել Պետրոսյանի գլխավորած 19 տարեկանների հավաքականը արդեն իսկ ցույց է տվել լավագույն արդյունքը Հայաստանի անկախացումից հետո, իսկ եզրափակիչ դուրս գալու դեպքում դա առաջին դեպքը կլինի հայկական ֆուտբոլում: