Ակտիվիստ. «Նման պահվածք դեռ չէի տեսել» (տեսանյութ)
Էլեկետրաէներգիայի թանկացումը ազդելու է բոլորիս վրա ու բերելու է գնաճի: Այսօր «Ա1+»-ի «Այբ-Ֆե» լրատվականի ուղիղ եթերի ժամանակ նշեց «ԴԵՄ ԵՄ» քաղաքացիական շարժման անդամ Տիգրան Մարտիրոսյանը` անդրադառնալով այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիային եւ ոստիկանական ուժի անիրավաչափ ուժի կիրառմանը։ Նա նկատեց` ոստիկանները հենց սկզբից էին ագրեսիվ տրամադրված եւ չէին փորձում շփման եզրեր գտնել ակտիվիստների հետ: «Ոստիկաններն ահավոր ագրեսիվ էին, նման պահվածք ես դեռ չէի տեսել, թեեւ մասնակցել եմ շատ ակցիաների: Մենք փորձում էինք նրանցից հասկանալ` ինչո՞ւ էին փակել փողոցը: Քիչ անց սկսեցին բերման ենթարկել մեր ակտիվիստներին, որին հետեւեց մարդկանց ընդվզումը»,- ասաց Տիգրան Մարտիրոսյանը: Ըստ նրա` դեռեւս անցած տարվա էլեկտրաէներգիայի թակացումները շատ անհիմն էին, սակայն ժողովուրդը չբողոքեց եւ արդյունքում իշխանություններն օգտվեցին առիթից ու այս տարի եւս սակագինը բարձրացրին: Երբ կլինի հաջորդ բողոքի ակցիան` ընդդեմ սակագնի թանկացման, Տիգրան Մարտիրոսյանը վստահեցրեց. «Այսօրվա իրավիճակը կվերլուծվի ու նոր միայն կհստակեցվի` հաջորդ ակցիայի վայրն ու ժամը: Ի դեպ, ակտիվ մասսան պատրաստ է պայքարելու,եթե նրա հետեւից չգնան, պայքարը, իհարկե, կսառի»: