ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՄԵԾ ԹԱՏՐՈՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ին«Մենք պրոֆեսիոնալ ենք եւ ցանկացած բեմում կարող ենք հանդես գալ»,- այսօր «Երեւան» հյուրանոցում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ռուսաստանի պետական ակադեմիկական Մեծ թատրոնի մենակատար-բալերինա Մարիա Ալեքսանդրովան:
Խոսքը Հայաստանում Երեւանի պետական ակադեմիկական թատրոնի Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի բեմի մասին է, որտեղ 20 տարվա ընդմիջումից հետո կրկին հանդես կգա Ռուսաստանի պետական ակադեմիկական Մեծ թատրոնը` հայ հանդիսատեսին ներկայացնելով «Կարապի լիճ» ու «Ռոմեո եւ Ջուլետտա» ներկայացումները:
Մայիսի 21-24-ը «հայկական» բեմում պարելու են բալետի այնպիսի աստղեր, ինչպիսիք են Մարիա Ալեքսանդրովան, Վլադիմիր Նեպորոժնին, Աննա Անտոնիչեւան, Յան Գադովսկին, Անաստասիա Մեսկովան, Դենիս Սավինը եւ Ալեքսանդր Վալչկովը: Նվագախմբի դիրիժորն է Պավել Կլինիչեւը: Տոմսի արժեքը 3000-25000դրամ է:
Լրագրողներից մեկի հարցին, թե այսքան մեծ ընդմիջումից հետո գուցե՞ հանդիսատեսը մոռացած լինի իրենց, մենակատար Վլադիմիր Նեպորոժնին ասաց. «Նման արվեստը դժվար է մոռանալ: Առաջին 5 րոպեում կհիշեն: Սա մի արվեստ է, որ լուռ է. ոչ լեզու է հարկավոր, ոչ բառ: Սա սեր է, ատելություն, խանդ, շարժումներից ամեն ինչ կհասկանան»:
Ի դեպ, Հայաստանի հյուրերն ուրախ են, որ երկու երկրների միջեւ նման մշակութային կապ կա: Նրանք նաեւ պատրաստվում են հայկական մշակույթի եւ պատմության հետ ծանոթանալ: