Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քանդվել է միայնակ տարեց ամուսինների տունը (տեսանյութ)

Հասարակություն
1

Երեկ կեսօրին մոտ այգում աշխատելիս Սիսիանի Տեր-Ղազարյան փողոցի 27-րդ տան բնակիչ Հերոս պապը ուժեղ ձայն է լսել: Մտածել է՝ մոտակայքով բեռնատար մեքենա է անցնում: Երեկոյան տեսողությունից զրկված ու հաշմանդամ դարձած կնոջը կերակրելիս, երբ հարեւան սենյակն է մտել, նկատել է, որ առաստաղը քանդվել է: Տարեց ամուսինները ժառանգներ չունեն, միայնակ են ապրում: Հիմա էլ հայտնվել են անօգնական վիճակում: 82-ամյա Հերոս Բաբայանն իր տունը գնել է 1987թ.-ին. «Էս տունը դժբախտ տուն է, իմ առնելուց առաջ էստեղ հոսանքից պաժառ ա ընկել, ու երկու երեխա է մահացել»,-ասում է Հերոս Բաբայանը:   82-ամյա պապը երկար տարիներ Արտաշատի Վերին Արտաշատ գյուղում մեխանիզատոր է աշխատել: Հայրենի բնակավայր է վերադարձել 27 տարի առաջ: «Էս կլնի մոտ 14-15 թվի կառույց: Պատերը կրի շաղախով են, խոնավությանը չի դիմանում: Ծածկը փայտից ա»,- նշում է տանտերը: Պապը խնայած միջոցներ ունի, բայց տարիքը եւ առողջությունը չեն ներում հասցված վնասը վերականգնելու համար: 82-ամյա պապի խնամքին է նաեւ 81-ամյա կինը: «Հիվանդ եմ պահում, անտանելի հիվանդ: Թոշակն էլ որ ասեմ չի հերքում՝ հերիքում ա: Հիվանդանոց չեմ տանում կնոջս, ամիսը մի 30.000 –ի դեղ եմ առնում»,- ասում է Հերոս Բաբայանը: Ռիմա Իսայանը Հերոս Բաբայանի երկրորդ կինն է: Պապը ոչ առաջին եւ ոչ էլ երկրորդ կնոջից երեխա չի ունեցել: Որդեգրած միակ տղան հրաժարվել է նրանցից: Հիմա միայնակ են կիսում իրենց բաժին հասած դժվարությունները: Արմեն Հովակիմյան Սիսիան