Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊՈՐՏԱՊԱՐԸ ԳԵՐԱԴԱՍՈՒՄ ԵՆ ԴԱՍԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԻՑ

Մշակույթ

«Մեր վիճակն ահավոր խայտառակ է»,- այսօր դժգոհեց Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Սամվել Սահակյանը` Մամուլի Ազգային Ակումբում «Երաժշտական դպրոցների խնդիրները եւ հայկական իրականությունը» թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ:

Երաժշտական դպրոցի 75 ամյակի առթիվ մայիսի 19-31-ը կանցկացվի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Պատանի երաժիշտ-կատարողների հանրապետական առաջին մրցույթ-փառատոնը, որի հանդիսավոր բացումը եւ փակումը կլինի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիայի թատրոնում: Փառատոնին մասնակցելու է 450 մասնակից, որոնք կներկայացնեն դաշնամուր, փողային նվագարաններ, լարային գործիքներ, երգ, ժողովրդական նվագարաններ, կոմպոզիցիաներ:

3 հոգուց է բաղկացած լինելու հանձնաժողովը, ինչի պատճառը ըստ տնօրենի. «Հանձնաժողովը մեծ են կազմում, որը վախեցնում եւ խուճապի է մատնում երեխաներին: Իսկ մեզ պետք է ոչ միայն բացահայտել երեխաներին, այլեւ հուսադրել, ոգեւորել»: Մրցույթային տեղեր չեն լինելու, այլ բոլորին կտրվեն մասնակցության համար վկայականներ` ակտիվ մասնակիցների վկայականներ, դիպլոմներ, պատվոգրեր:

Ըստ Սամվել Սահակյանի, դպրոցը չունի պետական աջակցություն: Չնայած նախարարությունը փոփոխություններ է խոստացել, բայց մինչ օրս ոչինչ չի նկատվում: « Ես ցանկանում եմ, որ մեր դպրոցը ոչ թե խմբակ լիներ, այլ կրթության մի մաս հանդիսանար: Պետության կողմից հանրակրթական եւ երաժշտական դպրոցների ուսուցիչները հավասարվեն»,- ասում է երաժշտական դպրոցի տնօրենը:

Ի դեպ, նա դեմ է լատինաամերիկյան պարերին, քանի որ գտնում է, որ այդ պարերը չեն ուսումնասիրվել եւ միայն մի պար են սովորեցնում՝ պորտապար: Իսկ այդ պարի մեջ երաժիշտը ոչ մի լավ բան չի տեսնում: