Կհրապարակվի ոչ պիտանի պաղպաղակների ցանկը
Սպառողի իրավունքները շարունակվում են ոտնահարվել՝ այսօր արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ կրկին բարձրաձայնեց «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանը։ Ըստ նրա ՝ շարունակվում է օրակարգային մնալ գնված ապրանքի հետ չվերադարձնելու հարցը։ «Ոչ պարենային ապրանքների փոխանակման և վերադարձի խնդրի կարգավորման ուղիները» խորագրով քննարկման մասնակից «Էքստերներ Գրուպ» ընկերության հաշվետար Սիրանուշ Ավետիսյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք իրենց ընկերությունում գնված ապրանքը հետ է վերադարձվում։ Շինարարական ընկերության ներկայացուցիչը վստահեցնում է՝ իրենք արդեն 3 տարի է՝ գնված ապրանքը հետ են ընդունում։ «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հ/կ նախագահը նկատում և մասնակիցների ուշադրությունը հրավիրում է ՀՀ Կառավարության 2002թ.-ի «Ոչ պարենային ապրանքների փոխանակման մասին» որոշմանը։ Բաբկեն Պիպոյանն անտրամաբանական է համարում այդ ցուցակում ներառել այնպիսի ապրանքներ, ինչպիսինն են կոսմետիկ պարագաններն ու կահույքը. «Փոփոխություններ պետք է մտցնել այս օրենքում, մարդը կահույք է գնում, տանում է տուն, տեսնում չափերը չի համապատասխանում՝ ինչի՞ չի կարող այն մեկ ուրիշով փոխանակել», - ընդգծում նա։ Սպառողների իրավունքների պաշտպան Արմեն Պողոսյանն օրենքում բացթողումներ չի նկատում։ Նրա կարծիքով՝ կենցաղային կահույքը նույնպես պետք է փոխանակման ենթակա չլինի։ Անդրադառնալով պաղպաղակի շուկային՝ Պիպոյանն ընդգծեց, որ ուսումնասիրություններ պետք է բոլոր ընկերություններում կատարվեն. «Միայն նշված «Քսան կոպեկը» չի, ուրիշ ընկերություններ էլ կան, շրջեք խանութներում և կտեսնեք, որ այդ ապրանքացանկը, որ հրապարակված է ՝ իրացվում է, թե ոչ», - ասաց Պիպոյանը և ավելացրեց, որ հաջորդ ամիս ներկայացնելու է շուկայում վաճառվող ոչ պիտանի պաղպաղակների ցանկը։