«Մեքենաները միանգամից տանելու ենք տուգանային հրապարակ»
Արաբկիր վարչական շրջանը և Բնապահպանական պետական տեսչությունը արձագանքել են «Ա1+»-ի ռեպորտաժին։ Խնդիրը կապված էր Արաբկիրում հայտնի Կորեայի ձորի հետ, որտեղ թափվում էր շինարարական աղբ։ «Ա1+»-ն այս մասին ռեպորտաժ էր պատրաստել՝ զրուցելով բնակիչների հետ, ովքեր բողոքում էին, որ իրենց ձորն օգտագործվում է որպես անօրինական աղբավայր, իսկ շինարարական աղբը վերացնում է ձորի կանաչապատ տարածքը։ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը հայտնեց, որ ռեպորտաժից հետո ստեղծվել է օպերատիվ խումբ. «Մեր և բնապահպանական տեսչության պետի կողմից ստեղծվել է օպերատիվ խումբ, որը մեկ շաբաթից ավելի է, ինչ հայտնի Կորեայի ձորում հերթապահություն է իրականացնում։ Բացի այդ, ես գրավոր դիմել եմ բոլորին, որպեսզի հանկարծ տվյալ տարածքում շինարարական աղբ չթափեն»։ Հիշեցնենք, որ այստեղ աղբ էին թափում «Միկշին» ընկերությանը պատկանող մեքենաները. «Նրանց մեքենաները տարբեր կազմակերպություններ վարձում են,- ասաց թաղապետը՝ հավելելով,-բայց ընկերության տնօրենը տեղյակ է պահել իր վարորդներին, որ եթե նման դեպք լինի, հրաժարվեն աղբ թափելուց»։ Թաղապետը նաև հավաստիացրեց, որ նշյալ տարածքում աղբ թափողները խիստ կպատժվեն. «Պատժելու ենք ամենախիստ ձևով։ Մեքենաները միանգամից տանելու ենք տուգանային հրապարակ»,- ասաց Հրայր Անտոնյանը։