Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վտանգված է նաեւ Կարեն Դեմիրճյանի հրահանգով տնկված այգին (տեսանյութ)

Հասարակություն
axb-2

Արաբկիրի վարչական շրջանի հայտնի Կորեայի ձորն այսօր օգտագործվում է որպես աղբանոց: Ահազանգում է տեղի բնակիչ, կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը. «Աղբը լցնում են այստեղ, և կանաչ տարածքը նմանվել է ցանկացած հանքի թափոնատեղի»: Ամեն օր այստեղ տոննաներով աղբ է թափվում՝ նշում է կինոռեժիսորը: Բնակիչների խոսքերով` մեկ մեքենա աղբից հնարավոր է ազատվել ընդամենը 1000 դրամով: Այստեղ թափում են՝ ինչ պատահի, անգամ մարդկանց առողջության համար վտանգավոր իրեր: Հրազդանի կիրճի այս հատվածում է գտնվում նաև ժամանակին Կարեն Դեմիրճյանի հրահանգով տնկված այգին: Այն նույնպես վտանգված է. «Այս աղբանոցը շուտով կվերացնի այգին, որովհետև եկել-հասել ա նրան, եթե նույնիսկ չհասնի, այդ թոզը, բոլոր վնասակար էլեմենտներն այգին հաստատ կփչացնեն»,- ասում է Արշակ Զաքարյանը: Տարածքի բնակիչները բնապահպանական խնդիրներից բացի, մտահոգված են նաեւ կենցաղայինով։ Անընդհատ այստեղ հայտնվող բեռնատար մեքենաները վնասում են փողոցները. «Այստեղ անվտանգությունը չի ապահովվում։ Ճանապարհի փոքրիկ հատվածով օրական 30-40 բեռնատար է անցնում», «Չնայած այդ մեքենաների վրա պալատկա է քաշված, բայց էլի որ քամի ա լինում, էդ փոշին փչում ա»,- ասում են նրանք: Ի դեպ, տարածքը աղբով լցնում են հիմնականում «Միկշին» ընկերությանը պատկանող մեքենաները: Մենք հանդիպեցինք բեռնատարներից մեկին, որը պատրաստվում էր աղբը թափել, սակայն տեսախցիկը տեսնելով` երկմտեց: Մինչ շրջում էինք տարածքում, րոպեների ընթացքում մի քանի մեքենա հասցրեց աղբ տափել եւ հետ վերադառնալ։ «Միկշին» ընկերությունից տեղեկացրին, որ իրենք միայն մեքենաներ են տրամադրում տարբեր կազմակերպությունների եւ Արաբկիրի թաղապետարանին, սակայն շինարարական թափոնների ու դրանց դատարկման վայրի հետ կապ չունեն: Իսկ թաղապետարանից և բնապահպանության նախարարությունից խոստացան հարցին անդրադառնալ ավելի ուշ: