Մեր մթերքը Եվրոպական շուկա մտնելու դժվարություններ ունի (տեսանյութ)
«Պտուղ-բանջարեղեն, ձկնեղեն, մեղր եւ այլ մթերքներ եվրոպական շուկա արտահանելիս մենք կարող ենք խնդիրներ ունենալ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Հայաստանի Սպառողների ազգային ընկերակցության» փոխնախագահ Միլետա Արիստակեսյանը։ «Մեր գինիները հանգիստ մտնում են եվրոպական շուկա։ Ինչու՞մ է կայանում մյուսների դժվարությունը։ Մեր շատ ապրանքներ չունեն եվրակոդ, որն էլ հնարավորություն չի տալիս մտնել միջազգային շուկա։ Իսկ ԱՊՀ մտնում են մեր տված սերտիֆիկատով»,-ասաց Միլետա Արիստակեսյանը։ «Ա1+»-ի այն հարցին՝ արդյո՞ք եվրոպական շուկա մտնելը կապված է Հայաստանի ՄՄ մտնելու որոշման հետ, տիկին Արիստակեսյանը նկատեց, որ եվրակոդ ստանում են միայն Եվրոպական միության անդամ երկրները. «Բայց դիտորդ երկրները նույնպես հնարավորություն ունեն կոդը ստանալ։ Պետք է պետությունը աշխատի այդ ուղղությամբ»։ Սննդի անվտանգության փորձագետ Լեւոն Աճեմյանն էլ նշեց, որ մենք պարտավոր ենք հետեւել մթերքների որակին թե արտաքին շուկայում, թե ներքին։ «Անվտանգության առումով ասեմ, որ մեր ապրանքները պարունակում են մարդու օրգանիզմի համար վտանգավոր նյութեր։ Մենք չենք հետեւում պտուղ բանջարեղենի անվտանգությանը։ Պետք է ստուգվեն գյուղացիների, հողօգտագործողների մթերքները, եւ վտանգավոր նյութեր հայտնաբերելուց հետո՝ ոչնչացնել բերքը»,-ասաց Լեւոն Աճեմյանը։ «Ա1+»-ի հարցին, թե արդյո՞ք միակ լուծումը բերքի ոչնչացումն է, Տիկին Արիստակեսյանը պատասխանեց, որ պետք է լինի վերահսկողություն պետության կողմից, պետք է շուկան կանոնակարգել։