Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՄՇԱԿՈՒՅԹ ԴԵՌ ԿԱ»

Մշակույթ

«Հրայրի գիրքը լավագույն դասագիրքն է, որ բոլոր ընտանիքները պետք է ունենան, եւ երեխաները կրթվեն»,-այսօր Հրայր Բազե Խաչերյանի «Երկիր» ֆոտոալբոմի շնորհանդեսին ասաց նկարիչ Հակոբ Հակոբյանը:

«Երկիր» ֆոտոալբոմը նվիրվում է Մեսրոպ Աշչյանի հիշատակին: Ալբոմում կա 460 լուսանկար, որոնցում պատկերված են Արեւմտյան Հայաստանի թուրքական հողամասերի վրա գտնվող ավերակները, տաճարներն ու հուշարձանները: Ալբոմը լույս է տեսել 1500 օրինակով եւ վաճառվում է 13000 դրամ: Լուսանկարներում պատկերված տաճարներից շատերը այսօր արդեն չկան:

Ալբոմի ստեղծման ուղղությամբ աշխատանքները Հրայր Բազեն սկսել է 1992 թվականից, իսկ առաջին լուսանկարը Անիի ավերակներում է արել: «Դժվար էր ընտրել՝ ո՞ր նկարը ընդգրկել ալբոմում, ո՞րը դուրս թողնել: Ես մշակույթի տեսակետից շատ թույլ էի, Զավենը ինձ սովորեցրեց, թե որն է մշակույթը»,- նշեց պարոն Խաչերյանը: Իսկ ըստ Փարաջանովի անվան տուն թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանի, այս ալբոմը փաստաթուղթ է, հայերի զենքը: «Շատ տարածքներ մենք չենք տեսել, հիմա դրանք մեզ համար նորություն են, մեր հաջորդ սերունդը այս ալբոմը տեսնելով՝ այլ ձայնով կխոսի»,- ասաց Զավեն Սարգսյանը:

Ներկաներից մեկի բնորոշմամբ, «Երկիր» ալբոմը բարձր մակարդակով էր հրատարակված, իսկ դա նշանակում է, որ մշակույթ դեռ կա: