Գրքեր, որոնք խորհուրդ են տրվում կարդալ հայ պատգամավորներին (video)
Support A1+!«Վերջին ամիսների մեր լրահոսը բացարձակապես գրական չէ։ Այսքան քաղաքականացված դաշտում, թվում է, գրականության մասին խոսելը, եթե ոչ ժամանակավրեպ, ապա անհարմար է։ Կարծեք մեր բոլոր ջանքերը, նվաճումները ժողովրդին գրականություն բերելու, վերջին երկու ամսվա ընթացքում հետընթաց են ապրում»,- «Տեսակետ» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսում ասում է գրականագետ, «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը։
Խոսելով վերջերս բեսթսելերներ դարձած կոմերցիոն գրքերից՝Արքմենիկ Նիկողոսյանը գտնում է, որ կարևոր չէ՝ մարդիկ ինչ կկարդան, կարևորն է, որ կարդան․ «Շատ մարդիկ գրականություն են եկել ու առաջին անգամ գրախանութ են մտել գնելու «Թքած ունենալու նուրբ արվեստը» կամ Նիկոլ Փաշինյանի գիրքը»,- ասում է նա։
Գրականագետը համարում է, որ այս առումով մեր հասարակությունը «վախկոտ» է նորությունների առումով, և միշտ գերադասում է ինչ-որ հայտնի գրքեր կարդալ, որոնք շրջապատը խորհուրդ է տալիս։
Գրականագետ, «Գրանիշ» ինտերնետային կայքի խմբագիր Հասմիկ Հակոբյանի համոզմամբ, միայն Երևանում միջոցառումներ կազմակերպելով, չի կարող ժամանակակից գրականությունը շնչել․ «Եթե մի փոքր Երևանից դուրս մարզերի ուղեծրով շարժվենք, կտեսնենք, որ երևի միայն Գյումրիում ու Վանաձորում են մարդիկ ժամանակակից գրականություն կարդում, մյուս տեղերում միայն դասականն է,-ասում է Հասմիկ Հակոբյանը,-իսկ գրադարանների վիճակը պարզապես անմխիթար է, գրադարաններ կան, որ վերջին 20 տարում գրքեր չեն ստացել, իսկ եթե լավ գրքեր էլ են լինում ուղարկվում են մարզկենտրոններ՝ անտեսելով համայնքները»։