Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հարցը Զարուհուն հուշել էր Սերժ Սարգսյանը

Քաղաքականություն
378768b2f29bfa5e8560b4155a9e9e04

ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանին ուղղված՝ կազինոների մասին հարցը տիկին Փոստանջյանին հուշել է հենց Սերժ Սարգսյանի կերպարը։ Եվրոպական ամբիոնից հարց տալու համար ընդդիմադիր պատգամավորն ուներ ընդամենը 30 վայրկյան. «30 վայրկյանի ընթացքում ես ներկայացրել եմ, որ այս անձը ինչպես վերաբերվում է ՀՀ քաղաքացիներին ներսում, ըստ էության վերաբերվում է որպես խաղատանը»։

Տիկին Փոստանջյանը թվարկում է՝ իսկ ի՞նչ էին հայ-թուրքական արձանագրությունները, մադրիդյան սկզբունքներին հավանություն տալը, Սուրեն Խաչատրյանի մարզպետությունը, Գեւորգ Կոստանյանի դատախազությունը, սրանք բոլորը արվել են խաղատանը գումար դնելու տրամաբանությամբ. «Ես ապացուցելու խնդիր չունեմ, հանրահայտ փաստերն ապացուցման կարիք չունեն»։

Զարուհի Փոստանջյանը Սերժ Սարգսյանին համարում է կազմակերպված հանցագործության պարագլուխ, եւ անիմաստ են այն խոսակցությունները, թե նա մարմնավորում է հայ ժողովրդին եւ մեր պետականությունը՝ Սերժ Սարգսյանն ուր, մեր պետականությունն՝ ուր. «Ովքեր մտածում են, թե մեր պետությունը Սերժ Սարգսյանն է, այդ կրիմինալ անձնավորությունը, ապա ես շատ ցավում եմ էդ մարդկանց համար»։

Իր կուսակից Ռուբեն Հակոբյանի հայտարարությունը, թե ինքը նման հարց չէր տա, տիկին Զոհրաբյանը համարում է շատ տրամաբանական. «Այդ իսկ պատճառով էլ ԵԽԽՎ-ում ես էի ներկայացված եւ ոչ Ռուբիկ Հակոբյանը»։

Անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի այն հայտարարությանը, թե Զարուհի Փոստանջյանը կզրկվի Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակի տեղից, պատգամավորն ակնարկեց, որ Ազգային ժողովի նախագահը գործ կունենա հենց եվրոպացիների հետ, ոչ թե՝ իր հետ. «Երբ կլինի Հայաստանի իշխանության, այսինքն, Հովիկ Աբրահամյանի կողմից պաշտոնական քայլ, Եվրոպայի խորհրդի կողմից կլինի պաշտոնական արձագանք»։

Ի դեպ, Տիկին Փոստանջյանը չի բացառում, որ կային ավելի կարեւոր հարցեր, քան կազինոյում տանուլ տրված գումարի մասին հարցն է, բայց փորձեք դա անել 30 վայրկյանում, որը տրվում է հարց տալու համար։ Իրեն քննադատող խորհրդարանական ընդդիմադիր ուժերի մասին տիկին Փոստանջյանն ասում է. «Իրենք էլ ունեին այդ հնարավորությունը, կարող էին գրանցվել եւ հարց հղեին ավելի կարեւոր»։