Ազգային հերոսը կդառնար 50 տարեկան (տեսանյութ)

ՀՀ Ազգային հերոս Մովսես Գորգիսյանն այսօր կդառնար 50 տարեկան: Նրա հարազատները, մարտական եւ գաղափարական ընկերները հերոսի 50-ամյա տարելիցի օրը կրկին Ծիծեռնակաբերդի բարձունքում էին, խոնարհվելու նրա հիշատակին:

1988 թվականի մայիսի 28-ին, Ազատության հրապարակում առաջին անգամ Մովսես Գորգիսյանը բարձրացրեց հայոց Եռագույնը, եղավ առաջամարտիկը հայոց բանակի, եւ առաջիններից էր, որ ընկավ մարտի դաշտում: Ապրեց ընդամենը 28 տարի, եւ պատմության մեջ մնաց որպես Ազգային հերոս:

«Ա1+»-ի հարցին. արդյո՞ք եկել է այն Հայստանը, որի մասին երազում էր Մովսես Գորգիսյանը, հերոսի այրին, Ռուզաննա Գորգիսյանը պատասխանեց. «Մովսեսի երազած Հայաստանը եկել է, մենք ունենք ազատ եւ անկախ Հայաստան, այլ բան է, թե այդ Հայաստանը ինչ որակական փոփոխություններ պետք է կրի: Դեռ միասնականության հասնելու համար շատ ճանապարհ ունի անցնելու մեր երկիրը: Պետք է լինի անկախ, բարեկեցիկ, օրինական: Մենք անկախ Հայաստանից ավելի շատ սպասելիքներ ունենք»:

«Անկախության հռչակման համար պայքարի տարիներին Մովսեսը զբաղված լինելով իր քաղաքական գործունեությամբ եւ առաջնորդելով շարժումը՝ տեսավ, որ ուղղակիորեն, արդեն զենքի իմաստով, մեր երկիրը վտանգված է, վերցրեց զենքն ու նախընտրեց ապրելու այդ ձեւը»,- պատմում էր գաղափարական ընկերներից՝ Սամվել Թադեւոսյանը:

«Մարտի դաշտում նույնպես բոլորս սպասում էինք նրա մեկ խոսքին, բայց մեզ միշտ հակադարձում էր, ասում էր՝ տղերք, ես ասող չեմ, միասին պետք է ուղղակի լինենք, եւ իր օրինակով էր ցույց տալիս. ինչ անել»- ասաց մարտական ընկերը, Արամ Սահակյանը, որը Երասխավանում, մինչեւ կյանքի վերջին րոպեն, նրա հետ էր եղել: Նրան եւ Գորգիսյանի մի քանի ընկերների այսօր ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը պարգեւատրեց հուշամեդալներով:

Նախարարը եւ ՀՀ Զինված ուժերի ղեկավար կազմը այսօր, հերոսի ծննդյան տարելիցի միջոցառմանը, Մովսես Գորգիսյանի հիշատակի եւ ողջ հայ ժողովրդի առջեւ խոստացավ. «ՀՀ Զինված ուժերը իր առջեւ դրված խնդիրն իրականացնելու է մինչեւ վերջ եւ մեր երկիրն անառիկ է պահելու»: