Սպարապետը «վերադարձավ»
Աջակցիր «Ա1+»-ին«Հոկտեմբերի 27»-ի ահաբեկչության զոհ դարձած սպարապետ Վազգեն Սարգսյանի արձանը երեկ հանդիսավորությամբ բացվեց Արարատ քաղաքում:
Սպիտակ սավանը արձանի վրայից սահեցրին Սպարապետի ծնողները, Արարատի մարզպետն ու քաղաքապետը: Արձանը տեղադրվել էր հենց այն հարթակում, որտեղից առաջին անգամ Վազգեն Սարգսյանն իր համաերկրացիներին կոչ է արել իբրեւ կամավոր մեկնել պաշտպանելու Արցախը:
«Չնայած կարոտի զգացումը ինձ հիմա խեղդում է, բայց ես հպարտ եմ»,-արցունքակալած աչքերով ասաց Սպարապետի մայրը` տիկին Գրետան:
Արձանը քանդակել է Արայիկ Ալեքյանը, որը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց. «Արձանի մեջ դրել եմ Վազգենի ըմբոստ հոգին, ներկայացրել եմ նրա` ե'ւ արվեստագետի, ե'ւ քաղաքական գործչի կերպարը: Չգիտեմ` որքանով է դա ստացվել»:
Արարատցիները շատ ուրախ էին, որ վերջապես իրենց քաղաքում տեղադրվեց Սպարապետի արձանը:
«Սա շատ լավ նվեր էր մեզ համար: Շատ ուրախ ենք, որ մեր Սպարապետը հավերժ վերադարձավ իր տուն»,-ասաց արարատցի Մաթեւոս Իսկանդարյանը:
Արձանի բացմանը մասնակցում էին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, որոնք, սակայն, ելույթ չունեցան:
Ի դեպ, Սպարապետի եղբայրը` «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը արձանի բացման արարողությանը չէր մասնակցում:
«Հանրապետություն» կուսակցությունում չհայտնեցին մեզ պատճառը` ասելով, որ այսօր Արամ Սարգսյանը չի կարող պատասխանել մեր հարցերին: