Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՄԱՐՏԻ 1-ԻՆ ԵՂԵԼ Է ԱՌՆՎԱԶՆ 3 ԴԻՊՈՒԿԱՀԱՐ»

Քաղաքականություն


«Միայնակ գործում է քիլլերը»,- այսօր հայտարարեց Հայ Ազգային կոնգրեսի անդամ Դավիթ Շահնազարյանը եւ լուրջ կասկածներ հայտնեց, որ մարտի 1-ին մեկ դիպուկահար է եղել, ինչպես հայտարարել են Մարտի 1-ի գործով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը եւ Հատուկ Քննչական ծառայության պետ Վահագն Հարությունյանը:

Պարոն Շահնազարյանը նաեւ հիմնավորեց, թե ինչու չէր կարող ընդամենը մեկ դիպուկահար լիներ, եթե իհարկե, դիպուկահարը «քիլլեր» չի եղել:

«Իշխանությունը նշում է, որ ոստիկանության հաստիքացուցակով նախատեսվում է, որ ստորաբաժանումն ունի դիպուկահար: Նույն իշխանության տվյալով` մարտի 1-ին մասնակցել են ոստիկանության զորքի 10.32, 10.33 եւ 10.35 ստորաբաժանումները, հետեւաբար նրանցից ամեն մեկը պետք է ունենար իր դիպուկահարը`ըստ հաստիքացուցակի: Ինչպե՞ս է ստացվում, որ իշխանությունն ասում է, թե մասնակցել է մեկ դիպուկահար»,- նշեց Դավիթ Շահնազարյանը:

Նա նաեւ ընդգծեց, որ դիպուկահարը սովորաբար չի գործում մենակ եւ առնվազն 1 օգնական է ունենում, որը օգնում է նրան ավելի լավ զննել տեսադաշտը: Շահնազարյանն այսօր բոլորի ուշադրությունը հրավիրեց դիպուկահարի վերաբերյալ Սամվել Նիկոյանի եւ Վահագն Հարությունյանի հայտարարույթունների միջեւ առկա հակասությանը: Ըստ Նիկոյանի տվյալների` դիպուկահարի կրակոցից մարդ է զոհվել, իսկ Հարությունյանն էլ պնդում է, որ դիպուկահարը կրակել է միայն մի քաղաքացու ոտքին, որն այս պահին հետախուզման մեջ է:

Շահնազարյանը գտնում է, որ սա այն հարցն է, որը պետք է ուսումնասիրության առարկա դարձնի մարտի 1-ի գործով ստեղծված փաստահավաք խումբը եւ հարցաքննության հրավիրի Նիկոյանին եւ Հարությունյանին: Դավիթ Շահնազարյանը վստահ է, որ մարտի 1-ին ոչ թե մեկ, այլ մի քանի դիպուկահարներ են եղել, քանի որ կան մարտի 1-ի բազմաթիվ ժապավեններ, որտեղ լսվում են ոչ միայն ինքնաձիգի, այլ նաեւ հրազենի ձայներ, եւ մասնագետները հաստատել են, որ դրանք դիպուկահարների կրակոցների ձայներ են:

Նա գտնում է, որ այդ ժապավեները նույնպես պետք է փորձաքննության ենթարկվեն: Այսօր Շահնազարյանը իշխանություններին վստահեցրեց, որ ընդդիմությունն ունի բազմաթիվ փաստեր մարտի 1-ի դեպքերի հետ կապված եւ նրանց խորհուրդ տվեց չսպասել այդ փաստերի հրապարակմանը:

«Իշխանությանը խորհուրդ եմ տալիս այդ ամենի մասին ինքնակամ տալ սպառիչ պատասխաններ, այլապես հետագայում ստիպված են լինելու տեղի տալ ընդդիմության փաստերի ճնշմանը»,- ասաց Շահնազարյանը եւ որպես օրինակ նշեց, որ նույն դիպուկահարի առկայության մասին իշխանությունները բարձրաձայնեցին` ընդդիմության ներկայացրած փաստի ճնշման տակ:

Անդրադառնալով «7-ի» գործին` Շահնազարյանը նշեց, որ պատահական չէ, որ իշխանությունները 10 զոհերի սպանությունները կցել են այս գործին:

«Այն դեպքում, երբ ակնհայտ է, որ մարդիկ զոհվել են ոստիկանության հատուկ միջոցների գործադրման հետեւանքով: Կարգի համաձայն, եթե ոստիկանի գործողությամբ որեւէ մեկը զոհվում է, ապա ոստիկանը 24 ժամվա ընթացքում զեկուցագիր է ներկայացնում իր ղեկավարությանը:

«Ինչո՞ւ այդ զեկուցագրերը կցված չեն «7-ի» գործին»,- հարցնում է Շահնազարյանը, նաեւ ավելացնում, թե գործում չկան նաեւ դիակների գտնված վայրի տեղազննության արձանագրությունները: Շահնազարյանն այսօր եւս մեկ անգամ ընդգծեց, որ իշխանություններն ամեն ինչ անում են մարտի 1-ը կոծկելու համար: